Մատչելի հղումներ

Կայացել է “Քրայսլեր” և “Ֆիատ” ընկերությունների միավորման գործարքը


Երեքշաբթի օրը կայացել է “Քրայսլեր” և “Ֆիատ” ընկերությունների միավորման գործարքը: Նորաստեղծ ընկերությունը պետք է ապացուցի կենսունակ և մրցունակ ավտոընկերություն դառնալու իր կարողությունը` չնայած խրթին տնտեսական մթնոլորտին և մեքենաների պահանջարկի անկմանը:

“Քրայսլերի” պլանավորված սնանկացումից հետո` չորեքշաբթի օրը, ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը ձեռք բերեց “Ֆիատ” ընկերությունը:

Գործարքը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը մերժեց ներդրողների մի խմբի բացարկը, որով նրանք փորձում էին արգելք ստեղծել վաճառքի համար` պնդելով, որ գործարքը անարդար է “Քրայսլերի” պարտատերերի հանդեպ:

Մեկ այլ դատական որոշմամբ հաստատվել է “Քրայսլերի” 789 առևտրի կետերի փակման գործընթացը:

Ջեք Ֆիջերալդը 43 տարի ավտոմեքենաների վաճառքով է զբաղվել, սակայն նրա առևտրի կետը այժմ փակման է ենթակա: Նա ասում է, որ, անկախ մայր ընկերության որոշումից, շարունակելու է ծառայություններ մատուցել իր հաճախորդներին:

"Նպատակը մարդկանց աշխատանքով ապահովելն է և ոչ թե` հակառակը: Ի՞նչ իմաստ ունի 50 հազար աշխատատեղ ստեղծել Միչիգանում և ամբողջ երկրով մեկ հարյուր հազարավոր մարդկանց աշխատանքից զրկել”, ասում է նա:

Սպիտակ տունը գոհունակություն է հայտնել “Քրայսլեր” ընկերության սնանկացման գործընթացի արդյունավետության շուրջ: Նախագահ Օբամային այժմ առավել դժվարին խնդիր է սպասվում, այն է` ԱՄՆ-ի ամենախոշոր ավտոընկերության` “Ջեներալ Մոթորզի” սնանկացման խնդրի հաղթահարումը:

Սպիտակ տան խոսնակ Ռոբըրթ Գիբսը նշել է, որ միավորման գործարքը պետք է նոր վստահություն հաղորդի “Քրայսլեր” ընկերությանը:

"Դա հնարավորություն կտա “Քրայսլերին” առաջ ընթանալ նոր ուղով: Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում նման բախտ կվիճակվի նաև “Ջի-Էմ”-ին”, նշել է խոսնակը:

“Ֆիատ” ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Սերջիո Մարչիոնեն, ով այժմ ստանձնելու է նաև “Քրայսլերի” Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, նշել է, որ սնանկացման ընթացքում փակված գործարանները շուտով կվերաբացվեն:

Նա նաև նշել է, որ ընկերությունը կսկսի արտադրել նոր` վառելիքի ավելի քիչ ծախս պահանջող մեքենաներ: Սակայն մինչև այդ ընկերության առևտրի կետերում կշարունակեն վաճառել “Քրայսլերի” ավանդական ավտոմեքենաները:

XS
SM
MD
LG