Մատչելի հղումներ

Չինաստանը չի արժեվորի յուանը


Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հորդորեց Չինաստանի կառավարությանը յուանի փոխարժեքը թողնել "շուկայական ուժերի" կարգավորմանը, ինչը կնպաստի համաշխարհային տնտեսության հավասարակշռության վերականգնմանը: ԱՄՆ կառավարությունը Չինաստանին մեղադրում է յուանի արժեքը արհեստականորեն ցածր պահելու մեջ: Նման քաղաքականության արդյունքում չինական արտադրանքը համաշխարհային շուկայում ավելի էժան է:

Շաբաթ օրը Չինաստանի վարչապետ Ուեն Ջիաբաոն մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ երկիրը չի ենթարկվի յուանն արժեվորելու արտաքին ուժերի ճնշումներին: Սակայն նա խոստացավ բարեփոխել Չինաստանի փոխարժեքի հաստատման մեխանիզմը և յուանի արժեքը պահել "հիմնականում կայուն":

Վարչապետը հայտնեց նաև, որ Չինաստանը համաձայն չէ բոլոր այն երկրների հետ, որոնք փորձում են ստիպել մնացած երկրներին արժեվորել իրենց արժույթը: Նա համոզված է, որ վերջիններս պետք է դիմակայեն ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից վարվող հովանավորչական քաղաքականությանը:

Վարչապետի հայտարարությունը հավանաբար կվշտացնի Չինաստանի հիմնական առևտրային գործընկերներին, ովքեր հորդորում են Չինաստանին թուլացնել արժութային քաղաքականությունը: Նրանք պդնում են, որ Չինաստանի կառավարությունը ցածր է պահում յուանի փոխարժեքը, որպեսզի արտահանողներին գնային առավելություն տրամադրելով` խթանի առևտրային հաշվեկշռի ավելցուկը:

Վարչապետ Ուենի խոսքերով` Չինաստանի փոխարժեքի կոշտ ռեժիմի դերը հսկայական է եղել համաշխարհային տնտեսությունը ֆինանսական ճգնաժամից դուրս բերելու գործում: Նա զգուշացրեց, որ գործազրկության բարձր մակարդակի և անկայուն արժույթների պատճառով հնարավոր է համաշխարհային տնտեսության կրկնակի անկում:

XS
SM
MD
LG