Մատչելի հղումներ

Չինաստանը պատժամիջոցներ կկիրառի ամերիկյան զինավաճառների նկատմամբ


Չինաստանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը և սպառնում պատժամիջոցներ կիրառել Թայվանին զինամթերք վաճառողամերիկյան ընկերությունների նկատմամբ: Այս հայտարարությամբ Պեկինը հանդես եկավ ի պատասխան Վաշինգտոնի այն հայտարարության, ըստ որի ԱՄՆ-ը պատրաստվում է 6 միլիարդ դոլարի զինվորական տեխնիկա վաճառել Թայվանին:

Ուրբաթ օրը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին տեղեկացրել էր Թայվանին “Բլեք հոք“ մակնիշի 60 ուղաթիռ, “Փեթրիոթ“ մակնիշի հրթիռներ, ռադարային և հեռահաղորդակցման սարքեր վաճառելու մտադրության մասին: Սակայն փաթեթում ներառված չեն եղել Թայվանի պահանջած F-16 մակնիշի մարտական ինքնաթիռները:

Չինաստանի փոխարտգործնախարար Հե Յաֆեին պաշտոնական բողոք է ներկայացրել Պեկինում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանցմանին` նախատեսվող գործարքը անվանելով “Չինաստանի ազգային անվտանգությանը սպառնացող միջամտություն“:

Ուրբաթ օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթընը “Ամերիկայի Ձայն“ին ասել է, որ "Պաշտպանական տեխնիկայի տրամադրումը թույլ կտա Թայվանին Չինաստանի հետ առևտրային կապերում լինել ավելի վստահ":

Չինաստանը ինքնիշխան Թայվանը համարում է իր անբաժան մասնիկը եւ սպառնում ռազմական ուժ կիրառել, եթե այն փորձի պաշտոնապես հռչակել անկախություն:

ԱՄՆ-ը, ըստ Թայվանի հետ կնքած պայմանագրի, պարտավորվել է աջակցություն տրամադրել Թայվանին պաշտպանության հարցում: Սակայն շահագրգռված է նաեւ Չինաստանի և Թայվանի միջև տարաձայնությունների խաղաղ կարգավորմամբ:

XS
SM
MD
LG