Մատչելի հղումներ

Գազայի հատվածում ընթացող պատերազմական գործողությունների զոհերի թիվը շարունակում է աճել


Իսրայելի կողմից Գազայի հատվածի ցամաքային ներխուժումից մեկ օր անց պատերազմական գործողությունների թափը շարունակում է ուժեղանալ: Իսրայելի տվյալներով` զոհվել է մեկ իսրայելցի զինվոր, իսկ վիրավորների թիվը հասել է 30-ի: Մինչդեռ Գազայի հատվածում աշխատող բժիշկների տրամադրած տվյալների համաձայն` ինն օր շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում զոհվել են 500 և վիրավորվել են 2,000-ից ավելին պաղեստինցիներ. ընդ որում միայն ցամաքային հարձակումի մեկնարկից հետո 30-ից ավելի պաղեստինցի է զոհվել:

Իսրայելի ցամաքային և օդային ուժերը, ինչպես նաև նավատորմը շարունակում են հարձակումներ գործել Գազայի հատվածի տարածքով մեկ` հատուկ նշանակետերի ուղղությամբ: Գործողությունները հիմնականում կենտրոնացած են Գազայի հյուսիսային մասում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` ցամաքային ուժերը շրջափակել են Գազա քաղաքը, և տանկեր տեղակայել նախկինում իսրայելցիների բնակավայր Նեզարիմի շուրջ` Գազայի հատվածը բաժանելով երկու` հյուսիսային և հարավային մասերի:Իսրայելի բանակը հայտարարել է, որ ռազմական օդանավերը վերջին օրվա ընթացքում ռմբակոծել են 15-ից ավելին նշանակետեր` այդ թվում հրթիռների արձակման տարածքներ, զինված ուժեր, մաքսանենգության նպատակներով օգտագործվող թունելներ, ինչպես նաև Համասի ռազմական ուժերի կոնկրետ ներկայացուցիչներ:

Իսրայելի կառավարության խոսնակ Մարկ Ռեգևն ասել է, որ ռազմական գործողություններն ուղղված են ոչ թե Գազայի խաղաղ բնակչության դեմ, այլ` Իսրայելի հարավային մասի անվտանգությանը սպառնացող Համասի գրոհայինների դեմ:"Մեր ռազմական գործողությունների միակ նպատակն է երաշխավորել հարավային Իսրայելի անվտանգությունը, որպեսզի այդտեղ ապրող մեկ միլիոնից ավելի մարդիկ Համասի հրթիռների թիրախ չլինեն անընդհատ”, ասել է Ռեգևը:

Իսրայելն ասում է, որ ռազմական գործողությունների այլընտրանքները սպառվել են դեկտեմբեր ամսին զինադադարը երկարացնելու շուրջ Համասի հետ բանակցությունների ձախողումից հետո, երբ առավել հաճախակի են դարձել Իսրայելի հարավային մասի ուղղությամբ հրթիռային հարձակումները: Մեկ շաբաթից ավել է, ինչ Իսրայելն սկսել է ռազմական գործողությունները, որոնց նպատակն է ոչնչացնել Գազայի հատվածում Համասին առնչվող նշանակետերը և համապատասխան ենթակառույցները:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն Իսրայելի գործողությունները որակել է որպես “դաժան ագրեսիա”: Սակայն, Համասը նույնպես չի նահանջում` զգուշացնելով, որ Գազայի հատվածը իսրայելցիների համար գերեզմանոց կդարձնի:

Մարդասիրական և աջակցություն տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչները շարունակում են ահազանգել, որ Գազայում խորանում է հումանիտար ճգնաժամը, մինչդեռ բժիշկներն ասում են, որ մարդկային զոհերի թիվը` մեծամասամբ խաղաղ բնակչության շրջանում, շարունակում է աճել:

Գազայի հատվածում աշխատող բժիշկների տրամադրած տվյալների համաձայն` ինն օր շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում զոհվել են 500 և վիրավորվել են 2,000-ից ավելին պաղեստինցիներ:

XS
SM
MD
LG