Մատչելի հղումներ

Իննսունամյա հրամանատար Շլեյը մասնակցել է Երկրորդ համաշխարհային, Կորեայի և Վիետնամի պատերազմներին


ԱՄՆ-ի նավատորմի հրամանատար Ջոն Շլեյը հպարտանալու մեծ հիմքեր ունի: Երկրորդ համաշխարհային, Կորեայի և Վիետնամի պատերազմների այս մասնակիցը 90 տարեկան հասակում դեռևս ակտիվ կյանք է վարում:

Նա իր ռազմական կարիերան սկսել է տնտեսագետի կրթություն ստանալուց հետո` 23 տարեկանում, 1941թ.` Համաշխարհային երկրորդ պատերազմի մեկնարկից մի քանի ամիս առաջ:

Քսանչորս տարեկանում նա արդեն Սթրինգհամ ականակիր նավի հրամանատար էր նշանակվել և առաքելություններ էր իրականացնում Խաղաղ օվկիանոսի հարավային կղզիների և Օկինավայի շրջակայքում: Այդ ժամանակ նա ԱՄՆ-ի նավատորմի ամենաերիտասարդ հրամանատարն էր:

"Մենք գիշերն էինք գործում: Հնարավորինս մոտ դիրքեր էինք զբաղեցնում, որպեսզի ջրասույզներից կազմված ոչնչացման խմբերը համապատասխան գործողություններ իրականացնեն”, հիշում է նա:

Հրամանատար Շլեյը պատերազմի բազմաթիվ զոհեր և վիրավորներ է տեսել: 1950թ. նա կրկին պատերազմի գոտում էր, այս անգամ` Կորեայում: Իսկ 1960-ականների սկզբին նա արդեն ներգրավված էր Վիետնամի պատերազմական գործողություններում:

Իր երեսունամյա ծառայության ընթացքում Ջոն Շլեյը հինգ ականակիր նավի հրամանատար է եղել: Նա այժմ հաճախ է մտորում պատերազմի և խաղաղության շուրջ:

"Շատ ցավալի է, որ այժմ մի քանի պատերազմի մեջ ենք ներգրավված: Դա բարդ խնդիր է: Ես չեմ սիրում պատերազմներ: Ցավալի է, որ պետք է պատերազմենք, սակայն պատերզամները երբեմն անխուսափելի են”, ասում է նա:


Ջոն Շլեյի տանն ամենուր իր կնոջ լուսանկարներն են: Նրանք շուրջ 60 տարի համատեղ կյանք են վարել. ցավոք, մի քանի տարի առաջ նրա կինը մահացել է:

Հրամանատար Շլեյը իրեն երջանիկ է համարում: Նա երկու մեծ սեր է ունեցել կյանքում` ԱՄՆ-ի նավատորմը և Ջենը` իր կինը:
XS
SM
MD
LG