Դատարանի վճռից հետո համասեռականների իրավունքների պաշտպանները մեծ բողոքի ակցիա էին կազմակերպել Սան Ֆրանցիսկոյի փողոցներում:
Համասեռական կանանց իրավունքների ազգային կենտրոնից Իլոնա Թըրնըրի խոսքերով` դատարանը, այդ որոշումն ընդունելով, վարկաբեկել է հավասարության ջատագովի իր համբավը:
Մինչդեռ միասեռ ամուսնությունների ընդդիմադիրները ողջունել են դատարանի վճիռը` պատճառաբանելով, որ նահանգի բնակիչներն ի սկզբանե դեմ էին քվեարկել նման ամուսնություններին:
Համասեռականների իրավունքների պաշտպանները հանձն են առել շարունակել իրենց պայքարը և հանդես գալ օրենսդրական առաջարկով, որով անվավեր կճանաչվի միասեռ ամուսնություններն արգելող, անցյալ տարվա նոյեմբերին հանրաքվեով անցած, այպես կոչված, 8-րդ առաջարկը:
Առաջարկի համաձայն` նահանգի շրջանակներում ամուսնություն է համարվում միմայն տղամարդու և կնոջ միջև միությունը:
Երեքշաբթի օրը նահանգի Գերագույն դատարանը հերքեց այն փաստարկը, որ առաջարկը նահանգի սահմանադրության անօրինական փոփոխություն էր ենթադրում:
Սակայն, միևնույն ժամանակ, դատավորները միաձայն ճանաչեցին անցյալ տարի գրանցված հազարավոր միասեռ ամուսնությունների վավերականությունը:
Ռոբին Թայլերն ու Լինդա Օլսոնն ամուսնացել են նախքան արգելքը: Թեպետ նրանք երջանիկ են, որ իրենց ամուսնությունն անվավեր չի համարվել, նրանք շարունակելու են իրենց պայքարը` հանուն այլ զույգերի իրավունքների: "Մենք սիրո զինապարտներ ենք դառնալու: Սիրո զինապարտների բանակ ենք կազմելու”, ասել է Ռոբին Թայլերը:
Նոր օրենսդրական նախաձեռնության կողմնակիցները պատրաստվում են աջակցություն փնտրել փոքրամասնությունների շրջանում, քանի որ իսպանական և աֆրիկյան ծագում ունեցող բազմաթիվ ամերիկացիներ կողմ էին քվեարկել 8-րդ առաջարկին:
Մինչ այսօր միասեռ ամուսնություններ թույլ են տրվում ԱՄՆ-ի հինգ նահանգներում` Քընեքթիքըթում, Այովայում, Մեյնում, Մասաչուսեթսում և Վերմոնտում:
Մինչ Կալիֆորնիայում միասեռ ամուսնությունների ընդդիմադիրները կարծում են այս խնդիրը մեկընդմիշտ լուծվել է, աջակիցները պնդում են, որ պայքարը նոր է սկսվում: