Մատչելի հղումներ

Ջենըրըլ Մոթորս - Տոյոտա համատեղ ձեռնարկությունը կփակվի


Կալիֆորնիայում կփակվի Ճապոնական Տոյոտայի և ամերիկյան Ջենըրըլ Մոթորսի համատեղ ձեռնարկության ավտոմոնտաժման գործարանը: Անցյալ տարի սնանկացումից հետո Ջենըրըլ Մոթորսը որոշեց դադարեցնել գործունեությունը: Դրան հետևեց արտադրությունը մարտի 31-ին դադարեցնելու մասին Տոյոտայի հայտարարությունը. ամսաթիվը մնում է անփոփոխ, չնայած` Տոյոտայի մեքենաների հետ կապված վերջին խնդիրներին: Կալիֆորնիայի ավտոմոնտաժման միակ գործարանի փակվելով կվերանա 4700 աշխատատեղ:

Պաշտոնապես կդադարեցվի նաև Ջենըրըլ Մոթորսի և Տոյոտայի համատեղ ձեռնարկությունը, որի արդյունքն էին Տոյոտա Քորոլա և Թաքոմա բեռնատար մեքենաները:

Մեքենա արտադրող երկու ընկերությունները գործում էին Ֆրիմոնթի գործարանում: Համագործակցության նպատակը Ջենըրըլ Մոթորսում ճապոնական արտադրության մեթոդների կիրառումն էր, իսկ Տոյոտան սովորելու էր` ինչպես գործել ամերիկյան միջավայրում:

Տարիներ շարունակ այստեղ են մոնտաժվել գրեթե ութ միլիոն մեքենա և բեռնատարներ: Գործարանում աշխատանքը կայուն էր, իսկ միջին աշխատավարձը կազմում էր ժամական 28 դոլար:

Մեքենաշինության միացյալ աշխատողների արհմիության անդամները ստորագրահավաք են կազմակերպել ամբողջ երկրով և սպառնում են բոյկոտել Տոյոտայի մեքենաները: Նրանք հուսով են ընկերությանը հետ կանգնեցնել Ֆրիմոնթի գործարանը փակելու գաղափարից:

Գործարանի փակվելով հարկադիր պարապուրդ կառաջանա նաև Ֆրիմոնթի գործարանի մատակարարներ հանդիսացող ընկերություններում: Իրենց աշխատանքը կորցնելու մտավախություն ունեն նաև գործարանի աշխատողներին սպասարկող ծառայության ոլորտի աշխատողները: Ըստ վերլուծաբանների` կկրճատվի գրեթե 40 հազար աշխատատեղ:

Սակայն Սան Ֆրանցիսկոյի պաշտոնյաները գործարանի փակումը դիտարկում են որպես շրջակա միջավայրի համար ոչ վնասակար արտադրություն սկսելու հնարավորություն: Ֆրիմոնթի քաղաքապետը մտածում է արևային վահանակներ արտադրող գործարան հիմնելու մասին:

"Այդ ընկերությունը կստեղծի 3 հազար աշխատատեղ, և մենք հուսով ենք, որ կկարողանանք այնպիսի գործարք կնքել, համաձայն որի փակվող գործարանի աշխատողները կվերապատրաստվեն և կաշխատեն նոր գործարանում",- ասաց Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Բոբ Ուասերմանը:

Այս պահին հստակ չէ` արդյոք աշխատողները կկարողնան աշխատանք գտնել "կանաչ" արդյունաբերությունում: Տոյոտան հայտնել է, որ հաստատակամ է գործարանը փակելու իր որոշման մեջ:

XS
SM
MD
LG