Մատչելի հղումներ

Միջին Արևելքի բանակցություններում առաջընթաց է արձանագրվել


Նախագահ Բուշի վարչակարգը տեղեկացնում է, որ իսրայելապաղեստինական բանակցություններում էական առաջընթաց է գրանցվել անկախ պաղեստինական պետություն ստեղծելու ուղղությամբ: Ամերիկայի Ձայնի Սպիտակ տան թղթակից Սքոթ Սթերնզը տեղեկացնում է Եգիպտոսից, որ որոշ պատշոնյաների տվյալների համաձայն բանակցությունների գործընթացը խթանելու նպատակով ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը պատրաստակամություն է հայտնել վերադառնալ տարածաշրջան:

ԱՄՆ-ի Պետական անվտանգության գծով խորհրդական Սթիվ Հեդլին նշում է, որ նախագահ Բուշին ոգեշնչել է իսրայելապաղեստինական բանակցություններում արձանագրված առաջընթացը: “Այժմ տարբեր մակարդակներում ինտենսիվ բանակցություններ են ընթանում իսրայելցիների և պաղեստինցիների մասնակցությամբ: Զգալի առաջընթաց է գրանցվել բավականին բարդ խնդիրների շուրջ, որոնց լուծումն անհրաժեշտ է համաձայնություն ձեռք բերելու համար: Արդյոք բոլոր խնդիրներն են լուծված` ոչ: Արդյոք առաջընթաց է եղել: Նախագահը կարծում է, որ` այո:”

Հեդլին չի նշել, թե կոնկրետ որ հարցերի շուրջ է առաջընթաց եղել, քանի որ, նրա խոսքերով, երկու կողմերն էլ ցանկացել են գաղտնի պահել բանակցությունների մանրամասները մինչև չհասնեն վերջնական լուծման:

Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած իր ելույթում նախագահ Բուշը նշել է, որ հավատացած է, որ պաղեստինցիները հաջողակ ժողովրդավարություն կկերտեն: “Մենք պետք է պաղեստինցիների կողքին լինենք, ովքեր տանսամյակներ շարունակ տառապել են և վաստակել են սեփական երկիրն ունենալու իրավունքը: Ես մեծապես աջակցում եմ եկրու պետություն ստեղծելու գաղափարին` օրենքի և արդարության վրա հիմնված ժողովրդավարական Պաղեստինի խաղաղ և անվտանգ գոյությունը ժողովրդավարական Իսրայելի կողքին:”

Հնգօրյա իր այցի ժամանակ նախագահ Բուշը որոշ արաբական դաշնակիցների կողմից քննադատության է ենթարկվել Իսրայելի հետ սերտ կապեր ունենալու համար: Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ Ալ-Ֆայսալն ասել է, որ Իսրայելի գոյություն ունենալու իրավունքը պետք է դիտարկվի պաղեստինցիների` օրինական, պատմական և քաղաքական իրավունքների հետ համատեղ:

Եգիպտոսի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ նախագահ Բուշի միակ նպատակը Իսրայելին գոհացնելն է:

Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը կօգնի իրականություն դարձնել պաղեստինցիների և իսրայելցիների համատեղ երազանքը: “Խաղաղության դաշնագիրը բխում է պաղեստինցիների շահերից, Իսրայելի շահերից, արաբական պետությունների շահերից և ողջ աշխարհի շահերից: Ես մեծապես հավատացած եմ, որ համապատասխան առաջնորդության և խիզախության պայմաններում մենք կարող ենք նման հաշտության հասնել այս տարի:”

Ըստ նախագահ Բուշի` այդ նպատակի համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը համապատասխան ջանքեր գործադրեն: “Պաղեստինցիները պետք է պայքարեն ահաբեկչության դեմ և պետք է շարունակեն աշխատել ազատ և խաղաղ հասարակություն ստեղծելու ուղղությամբ: Իսրայելը պետք է ծանր զոհաբերությունների գնա պաղեստինցիների հանդեպ սահմանափակումները մեղմելու և խաղաղություն խթանելու համար: Արաբական պետությունները և հատկապես նավթով հարուստ պետությունները պետք է օգտվեն այս հնարավորությունից և աջակցեն պաղեստինցիներին և հրաժարվեն Իսրայելի դեմ տածած հին թշնամանքից: Իսկ տարածաշրջանի բոլոր պետություններն էլ պետք է միասնաբար պայքարեն Համասի դեմ, որը փորձում է ահաբեկչությունների և բռնությունների միջոցով խոչընդոտել խաղաղությանն ուղղված գործընթացները:”

Խաղաղության ամենամեծ խոչընդոտներից է պաղեստինցիների բաժանումը Համասի հսկողության տակ գտնվող Գազայի սեկտորում և նախագահ Մամուդ Աբբասի առաջնորդած Արևմտյան ափում:

Ավարտելով իր հնգօրյա այցը` նախագահ Բուշը նշել է, որ ԱՄՆ-ը խիստ մտահոգված է տարածաշրջանում քաղբանտարկյալների, ինչպես նաև փակման ենթարկված թերթերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դրության շուրջ:

“Ժամանակն է, որ Միջին Արևելքի պետությունները հրաժարվեն նման գործողություններից և քաղաքացիներին վերաբերվեն արժանապատվորեն և հարգանքով: Ես կոչ եմ անում բոլոր պետություններին ազատ արձակել համոզմունքների հիման վրա ազատազրկվածներին, խթանել քաղաքական երկխոսություն և քաղաքացիներին վստահել իրենց ապագան կերտել:”

XS
SM
MD
LG