Մատչելի հղումներ

Սևամորթ հանրապետականները փոքրաթիվ են, սակայն անհողդողդ իրենց համոզմունքներում


Մինեսոտա նահանգի Սեյնթ Փոլ քաղաքում անցյալ շաբաթ տեղի ունեցած Հանրապետական կուսակցության համագումարը, որոշ լրագրողների որակմամբ, սպիտակ դեմքերի ծով էր հիշեցնում: Համագումարին մասնակցած սևամորթների թիվը էապես փոքր էր` 2004թ. Հանրապետական համագումարի համեմատությամբ: Այս տարի սևամորթ ընտրազանգվածի մեծ մասը աջակցում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարակ Օբամային, ով աֆրիկացի հոր և սպիտակամորթ մոր խառնուրդ է: Միևնույն ժամանակ, Հանրապետական կուսակցության համագումարին ներկա սևամորթները մեծապես աջակցում են Ջոն Մքքեյնին:

Օգոստոս ամսին Դենվեր քաղաքում կայացած Դեմոկրատական կուսակցության համագումարի ներկաների 25 տոկոսը սևամորթ են: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի ամբողջ տարածքում սևամորթ ամերիկացիները աջակցում են թեկնածու Բարակ Օբամային:

Սակայն Հանրապետական կուսակցության համագումարին այս ընտրազանգվածի ներկայությունը նվազագույն էր: 2380 ներկաներից ընդամենը 36-ն էին սևամորթ, իսկ 2004թ. նրանց թիվը հարյուրից անցնում էր:

Հանրապետական կուսակցությունում ներկայում արագ կերպով աճող հեղինակություն է վայելում Լուիզիանա նահանգի նահանգապետ Բոբի Ջինդալը, ում ծնողները Հնդկաստանից են: Նրա մաշկի գույնը և տարբեր ռասաների ներկայացուցիչներ գրավելու կարողությունը հաշվի առնելով` հանրապետականները նրան կարևորագույն տեղ են հատկացրել փոքրամասնությունների աջակցությունը շահելու համար:

Հանրապետական կուսակցության համագումարի սևամորթ և այլ փոքրամասնություններ ներկայացնող մասնակիցներն իրենց հավատարիմ հանրապետականներ են համարում, ովքեր առաջնորդվում են իրենց գաղափարներով և չեն ընկրկում Օբամայի ընտրությունը պատմական ձեռքբերում համարող իրենց համայնքների քննադատության առջև:

Սևամորթ հանրապետականներից շատերը հրաժարվում են սատարել Բարակ Օբամային բարոյական համոզմունքները հաշվի առնելով: Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքից սևամորթ հանրապետական Գեյլ Սեյերսը շատ խիստ է արտահայտվել Օբամայի դեմ. “Շատ պատճառներ կան, դրանցից մեկը նրա դիրքորոշումն է արհեստական վիժումների հարցում: Նա ասում է, որ իր աշխատանքային պարտականություններից վեր է գնահատել, թե երբ է երեխան կամ անձը մարդու իրավունքներով օժտվում: Դա հիրավի տարօրինակ է”:

Սևամորթ հանրապետականների ազգային ասոցիացիայի ղեկավար Ջոն Քոլոնն ասել է, որ Բարակ Օբամայի հետ իր միակ ընդհանրությունը մաշկի գույնն է: “Եթե Բարակ Օբաման հստակ ձեռքբերումներ ունենար և կիսեր իմ արժեքները, ես նույնպես նրան կողմ կքվեարկեի: Բայց դա այդպես չէ: Դա է հիմնական պատճառը: Նա չի կիսում իմ արժեքները”:

Քոլոնը նշել է, որ իր կրոնական հավատքը պահանջում է մերժել արհեստական վիժումը և սատարել այն քաղաքականությանը, որը խթանում է բարոյականությունը և ամրապնդում է ընտանեկան կապերը: Նա չի սատարում Դեմոկրատական կուսակցության դիրքորոշումները նաև կրթության և ներքին անվտանգության բնագավառներում:

Համագումարին ներկա մեկ այլ հանրահայտ սևամորթ հանրապետական` Մերիլենդ նահանգի նախկին նահանգապետի տեղակալ Մայքլ Սթիլը, ով ռադիո և հեռուստատեսության մեծ հեղինակություն է այժմ, ընդունել է, որ այս տարի դեմոկրատներն առավելություն ունեն սևամորթ ընտրազանգվածի ձայները հաղթելու առումով, քանի որ նախագահի թեկնածուն է սևամորթ: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ գալիք տարիներին իր կուսակցությունը հնարավորություն կունենա մրցակցել այդ ձայները շահելու համար: “Մենք պետք է մեր ջանքերը համալրենք, որպեսզի կարողանանք գրավել սևամորթ, լատինական ծագում ունեցող, սպիտակ ընտրողներին: Մենք պետք է կարողանանք գրավել յուրաքանչյուր ընտրողի արժեքների վրա հիմնված մեր քաղաքականությամբ, որը ուժ և սեփականության զգացում է հաղորդում մարդկանց և համայնքներին”:

Հանրապետականների հաջողությունը սևամորթ և այլ փոքրամասնությունների աջակցությունը գրավելու առումով մեծապես կախված կլինի նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքներից: Որոշ սևամորթ պահպանողականներ, այդուհանդերձ, սատարում են Բարակ Օբամային: Վերլուծաբանների կարծիքով, դժվար կլինի հակադրվել այն երևույթին, որը բոլոր ռասաները ներկայացնող բազմաթիվ մարդկանց կարծիքով հնարավորություն է ընձեռում ամոքելու պատմության խորքից եկող ռասայական խոցերը և միավորելու ամբողջ ազգը:

Հանրապետական առաջնորդները հանձն են առել շահելու առավել մեծ թվով փոքրամասնություններ, սակայն նրանցից շատերն ընդունում են, որ այս տարի այդ հարցում առաջընթաց արձանագրել գրեթե հնարավոր չի լինի:

XS
SM
MD
LG