Մատչելի հղումներ

Բարաք Օբաման` ԱՄՆ-ի նոր նախագահ


Բարաք Օբաման Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր նախագահն է: Այս ցրտաշունչ հունվարյան օրը հարյուր հազարավոր ամերիկացիներ հավաքվել էին մայրաքաղաք Վաշինգտոնում` ականատես լինելու այս պատմական երդմնակալության արարողությանը:

Հավատարիմ մնալով երդմնակալության արարողության ավանդական ակունքներին` նախագահ Օբամայի պաշտոնամուտը միևնույն ժամանակ պարուրված էր փոփոխության ոգով:

“Ես` Բարաք Հուսեյն Օբամաս, հանդիսավոր կերպով երդվում եմ…” Ահա այս խոսքերն արտասանելով` Բարաք Օբաման դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին սևամորթ նախագահը` իր երդումն ավարտելով “և Աստված ինձ պահապան” արտահայտությամբ:

ԱՄՆ-ի իշխանության խաղաղ փոխանցումը, ինչը մեկ րոպեից կարճ տևեց, նոր էջ բացեց ԱՄՆ-ի պատմության գրքում:

"Այսօր և այստեղ Ձեր առջև եմ կանգնած` հնազանդորեն ընդունելով մեր առջև ծառացած խնդիրները, երախտապարտ լինելով Ձեր վստահության համար և հիշատակելով մեր նախնիների կրած զոհաբերությունները”, ասել է նախագահ Օբաման:

Հանդես գալով ամերիկացիների հոծ և բազմազան բազմության առջև` նախագահ Օբաման միասնության կոչ է արել:

"Այսօր մենք հավաքված ենք այստեղ, քանի որ հույսը նախընտրել ենք վախի զգացումից, և, չնայած հակամարտություններին և հակասություններին, ընտրել ենք միասնության ուղին”, մասնավորապես ասել է նախագահը:

Բարաք Օբաման ժառանգել է պատերազմի և տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող պետություն: Նշելով, որ ներկա մարտահրավերներին թեպետ հնարավոր չէ արագ կերպով կամ հեշտությամբ դիմակայել` նա այնուամենայնիվ հանձն է առել դրանց լուծում գտնել:

"Մենք պարտավոր ենք պատասխանատվության նոր դարաշրջանի սկիզբ դնել և յուրաքանչյուր ամերիկացու անունից հայտարարել, որ մենք մեր, մեր ազգի և մեր աշխարհի առջև պարտականություններ ունենք. պարտականություններ, որոնք ոչ թե դժկամությամբ ենք ընդունում, այլ մեծ ուրախությամբ ենք ստանձնում”, ասել է նախագահ Օբաման:

Նա նշել է, որ դա է քաղաքացիության արժեքը և պատգամը: "Սա է մեր ազատության և մեր հավատի էությունը, որը հնարավորություն է տվել, որ ցանկացած ռասայի և դավանանքի տղամարդիկ, կանայք և երեխաներ միասին ըմբոշխնեն այս տոնակատարությունը, և որ մի մարդ, ում հորը մոտ վաթսուն տարի առաջ, հնարավոր է, հրաժարվեին սպասարկել ռեստորանում, այսօր Ձեր առջև կանգնի և տա ամենասուրբ երդումը”, ասել է նախագահ Օբաման:

Իր խոսքն ուղղելով ամբողջ աշխարհին` նախագահ Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը խաղաղություն է ցանկանում և գործելու է` ի նպաստ հանրային շահերի:

"Խոսքս ուղղելով աշխարհի այն առաջնորդներին, ովքեր հակամարտություններ են սերմանում և փորձում են իրենց հասարակության ձախողումները բարդել Արևմուտքի վրա, ուզում եմ նշել, որ Ձեր ժողովուրդները Ձեզ դատելու են Ձեր ստեղծածի, այլ ոչ` ոչնչացրածի հիման վրա: Իսկ նրանք, ովքեր իշխանությունից կառչած են կոռուպցիայի, խաբեության և այլախոհներին լռեցնելու միջոցով, պետք է իմանան, որ պատմության սխալ էջ են, սակայն մենք պատրաստ ենք Ձեզ ձեռք մեկնել, եթե Դուք առաջինը թուլացնեք Ձեր բռունցքները”, ասել է նախագահ Օբաման:

Պաշտոնական արարողության ավարտից հետո Ջորջ Բուշը, սեղմելով իր իրավահաջորդի ձեռքը, հեռացել է բեմից: Մոտենալով իրեն սպասող ուղղաթիռին` նա հրաժեշտ է տվել Վաշիգնտոնին և Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահին:

XS
SM
MD
LG