Մատչելի հղումներ

Տնտեսական անկման արդյունքում խորացել է անտուն մարդկանց առկայության խնդիրը


Տնտեսական անկման արդյունքում ԱՄՆ-ում, հնարավոր է, աճի անտուն մարդկանց թիվը: Չնայած հրապարակված թարմ տյվալներ դեռևս չկան, սոցիալական աշխատողները կանխատեսում են, որ այս խնդիրն էլ ավելի է խորանալու:

Աշխատանք և տուն կորցրած շատ մարդիկ բողոքի ցույցեր են կազմակերպում: Վերջերս տեղի ունեցած ցույցն ուղղված էր Լոս Անջելեսի շինարարական մի ընկերության դեմ, որը համագործակցում էր կայուն հիմքեր չունեցող վարկատու մի հաստատության հետ:

Տուն կորցրած ցուցարարների մեծ մասն այժմ ապրում են վարձակալված տներում կամ բնակարաններում: Աշխատանք կամ տուն կորցրածների մի մասն էլ հյուրանոցներում կամ ընկերների տանն են ապրում: Ոմանք էլ գիշերում են մեքենաներում:

Մինչդեռ Սակրամենտոյում ոմանք էլ համալրել են անտուն մարդկանց շարքերը և ապրում են վրանային քաղաքում:

Լոս Անջելեսում ոմանք գիշերում են Հոլիվուդ Հիլսի վրանային ճամբարում: Անտուն և գործազուրկ շատ մարդկանց հետ մեկտեղ նրանք հերթ են կանգնում օրվա ուտելիքի պաշարն ստանալու համար:

Տնտեսական անկման արդյունքում նաև տուժել է կինոարդյունաբերությունը: Հոլիվուդում մեծ համբավ ձեռքբերելու հավակնորդ ավստրալիացի Մարքուս Փրոքթըրը նույնպես այստեղ է գալիս ուտելիք ստանալու համար: Նա փողոցում է գիշերում, իսկ օրն անց է կացնում աշխատանք փնտրելով: Սակայն հաջողության նա դեռևս չի հասել:

"Ինչ խոսք, դժվար է աշխատանք գտնել, և ինձ էլ չի հաջողվում վարձատրվող աշխատանք գտնել: Բայց դերասանությունն ինձ շատ հոգեհարազատ է, և ես նախընտրում եմ փողոցում ապրել և փորձել դերասանի աշխատանք գտնել, քան` լրիվ դրույքով ձանձրալի աշխատանք կատարել և այդպես ուղեղս վատնել”, ասում է նա:

Սոցիալական աշխատող Ռուդի Սալինասն ասում է, որ անտուն մարդիկ ամենուր են, սակայն նրանք այդքան էլ տեսանելի վայրերում չեն: "Բայց եթե գնաք այն վայրերն, ուր մենք ենք գնում, եթե գնաք դեպի բլրի շրջակայքում ստեղծված ճամբարները, կամուրջների տակերը և կիսակառույց շենքեր, ապա կտեսնեք բազմաթիվ այդպիսի մարդկանց, ում մենք շաբաթներ շարունակ աջակցում ենք”, մանրամասնել է նա:

Նրա գլխավորած` Անտուններին աջակցող մարդկանց կազմակերպությունն օգնություն է ցուցաբերում Լոս Անջելեսի 70 հազարից ավելին անտուն մարդկանց, ովքեր ապրում են քաղաքի տարբեր մասերում տեղակայված ապաստարաններում:

Դրանք ապահովող մասնավոր գործակալությունները սնունդ և ժամանակավոր կացարան են տրամադրում նրանց, ում հաջողվում է գրանցվել: Երեսունիննամյա Ջերի Սիմեոնը Բոստոնում իր աշխատանքը կորցնելուց հետո Լոս Անջելես է ժամանել աշխատանք գտնելու ակնկալիքով: "Ես աշխատանք չգտա և բավականին ծանր վիճակում հայտնվեցի: Կուտակած գումարն ամբողջությամբ ծախսելուց հետո երկու ամիս ապրեցի ընկերոջս տանը և հետո անտուն մնացի: Ահա նման իրավիճակի մեջ եմ, բայց այստեղ օգնություն եմ ստանում”, իր ծանր դրության մասին ասել է Ջերի Սիմեոնը:

Սանտա Մոնիկա քաղաքում շատերն օգնություն են ստանում Օ-Փի-Սի-Սի մասնավոր ընկերությունից: Կազմակերպության անդամներից է կամավոր հիմունքներով աշխատող Ռենե Բուքենընը: Նա անցյալում բանկային կառավարիչ է եղել, սակայն դեպրեսիայով տառապելու արդյունքում նույնպես որոշ ժամանակ անտուն է դարձել: Նա խոստովանում է, որ այդ դժվարագույն փորձի շնորհիվ առավել կարեկցող է դարձել: "Դա ինձ օգնեց գիտակցել, և հուսով եմ, որ բոլորն ի վերջո դա կգիտակցեն, որ անտուն անձը մարդկային առումով չի զիջում այլ մարդկանց: Նրանք պարզապես այդ պահին նման իրավիճակում հայտնված սովորական մարդիկ են”, նշել է նա:

Սոցիալական ծառայություններ մատուցող գործակալությունների տվյալների համաձայն` սննդի և այլ աջակցության պահանջարկի աճ է արձանագրվել: Ակնկալվում է, որ վիճակն էլ ավելի կխորանա, եթե տնտեսության վիճակը վատթարանա:

Որպես լուծում` նրանք առաջարկում են առավել մատչելի բնակավայրեր կառուցել և առավել լավ համադրել հասարակական ծառայություններ կատարող այն կազմակերպությունների գործողությունները, որոնք աջակցում են ժամանակավոր և մշտապես անտուն մարդկանց:

XS
SM
MD
LG