"Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության բանակցությունները հնարավոր է ամբողջությամբ ձախողվեն, և արաբական երկրները պետք է պատրաստ լինեն դրան",- Լիբիայում Արաբական երկրների համաժողովի բացման խոսքում ասել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան:
Իսրայելապաղեստինյան հակամարտության ճգնաժամը երկօրյա համաժողովի գլխավոր թեման է: Լիգայի անդամ պետություններն արտահայտվել են արաբական երկրների միասնական լինելու անհրաժեշտության մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը Լիգային հղած իր ուղերձում հորդորել է անդամ պետություններին աջակցել խաղաղության գործընթացին: Մասնավորապես, նա հորդորել է անդամ պետությունների արտգործնախարարներին ներկայացնել առաջարկություններ, որոնք կօգնեն լուծելու իսրայելցիների և պաղեստինցիների միջև արմատացած հիմնական խնդիրները:
ԱՄՆ-ը հանդես է եկել խաղաղության բանակցություններում միջնորդի դեր ստանձնելու առաջարկությամբ:
Խաղաղությանն ուղղված ջանքերին խոչընդոտում է գրավյալ Արևելյան Երուսաղեմում հրեա վերաբնակիչների համար 1600 նոր բնակարան կառուցելու մասին Իսրայելի հայտարարությունը: Պաղեստինցիներն Արևելյան Երուսաղեմը համարում են ապագա Պաղեստին պետության մայրաքաղաքը: