Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ասել է, որ պատրաստ է մտորել Թեհրանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության բացման շուրջ: Այդ մասին նա հայտնել է կիրակի օրը տեղի ունեցած կառավարության նիստից հետո տրված հարցին ի պատասխան: Նա նաև ասել է, որ ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի ժողովուրդների միջև հարաբերությունների ընդլայնման գաղափարը:
Իրանի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի դիվանագիտական գրասենյակի բացման վերաբերյալ որևէ պաշտոնական խնդրանք չի ստացել: Մինչդեռ ամերիկյան մամուլը տարածել էր դեռևս հունիս ամսին, որ ԱՄՆ-ի պաշտոնյաները քննարկում են` արդյոք ԱՄՆ-ը պետք է դիվանագիտական ներկայացուցչություն բացի Թեհրանում:
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1980թ. ի վեր` 1979թ. նոյեմբերին Իրանի ծայրահեղականների կոմից Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրոհումից հետո:
Երկու պետությունների տարաձայնությունները հատկապես ընդգծված են Իրանի միջուկային ծրագրերի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ: Իրանը սպառնացել է, որ Իրանի միջուկային կառույցների վրա հարձակումներին կհաջորդեն համապատասխան հարձակումներ Իսրայելի և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական բազաների վրա:
ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը բազմիցս առաջարկել է երկխոսություն սկսել Իրանի հետ, եթե պաշտոնական Թեհրանը ենթարկվի Միավորված ազգերի կազմակերպության կոչերին կասեցնել ուրանի հարստացման ծրագիրը, որը ԱՄՆ-ի կարծիքով զինամթերք մշակելու նպատակ է հետապնդում:
Վաշինգտոնում գործում է Իրանի շահերը ներկայացնող դիվանագիտական բաժին, որը պաշտոնապես համարվում է Պակիստանի դեսպանատան մասը: Իրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը: