Մատչելի հղումներ

Բարաք Օբամայի ընտրությունից հետո մեկնարկում է նախագահական իշխանության փոխանցման գործընթացը


Բազմաթիվ ամերիկացիների համար Բարաք Օբամայի` որպես երկրի 44-րդ և առաջին սևամորթ նախագահ ընտրությունը ԱՄՆ-ի քաղաքականության գագաթնակետերից է:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Օբաման իր կնոջ Միշել Օբամայի և երկու դստեր, ինչպես նաև նորընտիր փոխնախագահ Ջո Բայդընի և նրա ընտանիքի անդամների ուղեկցությամբ տասնյակ հազարավոր մարդկանց առջև ելույթ է ունեցել Չիկագոյի Գրենթ այգում: Ուրախ ձայնարկումների ներքո նա ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում եկել է բարեփոխումների շրջանը և որ ամեն ինչ հնարավոր է ամերիկյան ժողովրդվարական համակարգում: Նա նաև նշել է, որ այն հանգամանքը, որ իր` որպես ոչ այդքան սովորական թեկնածուի օգտին քվեարկել են տարբեր պատկանելիության մարդիկ, ցույց է տալիս, որ ամերիկյան ազգը կարող է միավորվել և վերջ տալ ցինիզմին` շարժվելով դեպի բարեփոխումներ:

Նորընտիր նախագահ Օբաման իր նախկին հակառակորդ Ջոն Մքքեյնին որակել է որպես խիզախ և աձնատուր առաջնորդ: Սեփական պարտությունը ճանաչող իր ելույթում սենատոր Մքքեյնը նշել էր, որ սենատոր Օբամայի հաղթանակը պատմական նշանակություն ունի ամերիկացիների և հատկապես սևամորթ ամերիկացիների համար: Նրա կարծիքով դա մեծ ձեռքբերում է` հաշվի առնելով երկրի անհանդուրժողականության անցյալը:

Ջոն Մքքեյնը հանձն է առել աջակցել նորընտիր նախագահին` միևնույն ժամանակ կոչ անելով բոլոր ամերիկացիներին համախմբվել և փորձել լուծումներ գտնել ծագած տարաձայնությունների շուրջ: Նա ասել է, որ անհրաժեշտ է վերականգնել ԱՄՆ-ի հարստությունը, ապահովել ազգի անվտանգություն այս վտանգավոր աշխարհում և հաջորդ սերունդներին հանձնել առավել հզոր երկիր:

Նորընտիր նախագահ Օբամայի լայնատարած ընտրարշավի արդյունքում Դեմոկրատական կուսակցության թեկնածուին հաջողվել է հաղթանակ ապահովել այնպիսի նահանգներում, որոնք տասնամյակներ շարունակ քվեարկել են Հանրապետական կուսակցության թեկնածուների օգտին: Այդպիսի նահանգներից է, օրինակ, Վիրջինիան: Նրան նաև հաջողվել է հաղթել Կոլորադո, Նյու Մեքսիկո և Նեվադա նահանգներում, որոնք 2004թ. ընտրություններում քվեարկել էին նախագահ Բուշի օգտին:

Բացի սևամորթ ամերիկացիներից, Բարաք Օբամայի օգտին մեծամասամբ քվեարկել են երիտասարդները, իսպանական ծագում ունեցող ամերիկացիները և կանայք:

Ընտրողները որպես առաջնային խնդիրներ են առանձնացրել ԱՄՆ-ի տնտեսական իրավիճակը, ինչպես նաև Իրաքի և Աֆղանստանի պատերազմները:

Նախագահ Ջորջ Բուշը զանգահարել և իր շնորհավորանքն է հայտնել նորընտիր Բարաք Օբամային:

Նախագահ Բուշի և սենատոր Օբամայի աշխատակազմերն արդեն աշխատանքներ են տանում նախապատրաստելու նախագահական իշխանության փոփանցումը: Որոշ լրատվամիջոցների համաձայն` հնարավոր է, որ Բարաք Օբաման արագ կերպով նշանակի իր աշխատակազմի ղեկավարին:

XS
SM
MD
LG