Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հնարավոր է համարում երկրի գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովում օտարերկրացիների նշանակումը:
Նախագահի խոսնակ Վահիդ Օմարը հայտնել է, որ Աֆղանստանի կառավարությունը պատրաստ է բացառության կարգով Ընտրությունների բողոքարկման հանձնաժողովում նշանակել երկու ոչ աֆղանցի:
Անցյալ ամիս նախագահ Քարզայն իրեն օժտել է պետական հանձնաժողովի անդամներին նշանակելու լիակատար իշխանությամբ:
Այդ որոշմամբ չեղյալ է համարվել նախորդ օրենքը, որի համաձայն ՄԱԿ-ը, խմբի անկողմնապահությունն ապահովելու համար, կարող էր նշանակել հանձնաժողովի հինգ անդամներից երեքին:
Հանձնաժողովի դերը մեծ էր անցյալ տարվա նախագահական ընտրություններին, երբ կեղծիքի մեղադրանքով չեղյալ համարեց Քարզայի օգտին քվեարկած քվեների մեկ երրորդը: Քարզայը հաղթեց ընտրապայքարից իր միակ մրցակցի դուրս գալուց հետո:
Աֆղանստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերին: