Մատչելի հղումներ

Ձիու գեղեցկության և ուժի ցուցադրումը


Բազմաթիվ երկրներում միլիոնավոր մարդկանց հիացմունքին արժանացած շոուն` Կավալիան, այժմ նաև ԱՄՆ-ում է: Կավալիայի աստղերը ձիերն են, հեծյալները և ակրոբատները, որոնց համագործակցությունը ստեղծում է այս հրաշալի խելահեղությունը:

Շոուն ներկայացվում է Հյուսիսային Ամերիկայում` երբևէ ամենամեծ վրանում, այնքան մեծ, որ թույլ է տալիս ձիերի վարգ և ակրոբատների թռիչք: Այդ ամենն այնքան հրաշալի է, որ երազ է թվում:

Հանրահայտ Սիրքու դե Սոլեյլի ակրոբատների խումբը ստեղծող Նորմանդ Լա Տուրելը Կավալիայի գեղարվեստական ղեկավարն է:

«Շոուն ոգեշնչված է ձիերի պատմությամբ, որը գրեթե աշխարհի պատմությունն է: Ձիու սմբակի հետքի կողքին ամենուր տեսնում ենք մարդու ոտնահետքը: Մենք երկար ենք ապրել այս կենդանիների հետ: Ես ուզում էի արժանին հատուցել նրանց ծառայությանը»,- բացատրում է նա:

Ձիավարներն ու ակրոբատները ներկայացնում են նաև միասնական աշխատանքի հզորությունն ու գեղեցկությունը:

Վաշինգտոնում ներկայացվող Կավալիայի թատերախումբը, որը ձևավորվել է տարբեր երկրների ակրոբատներից, ձիավարներից և երաժիշտներից, ժամանել է Կանադայից:

«Մենք ամենուր հաջողություն ենք ունենում: Վրանը հյուրընկալում է երկու հազար մարդ, և մինչ օրս մենք վաճառել ենք երկուսուկես միլիոն տոմս: Աշխատելով ձիերի հետ` մենք` արտիստներս, ավելի ենք մտերմացել»:

Կավալիայում հիմնականում եվրոպական ցեղի հովատակ ձիեր են`վարժեցված հնազանդության և դիմացկունության: Մեկ ձիուն վարժեցնելը կարող է տևել մեկից տաս տարի: Հեծյալները բախվում են հատուկ դժվարությունների:

«Մեր հիմնական արտիստները` ձիերը, իրենց մտածելակերպն ունեն: Մենք փորձում ենք ներկայացնել, թե ամեն ինչ վերահսկելի է, բայց հաճախ ձիերն են իրադրության տերը: Մենք պետք է ջանանք նրանց հետ աշխատանքը ներկայացնել հնարավորինս գեղեցիկ`նրանց կամքին ընդառաջ»,- ներկայացնում է արտիստներից մեկը:

Ներկայացվում է նաև ձիերի բալետ, երբ ձիերն իրենց հրաշագեղ և բնականորեն սահուն քայլով շարժվում են կատարյալ ազատության մեջ` ձիավարի միայն թեթևակի ուղղորդմամբ: Ձիավար Լենդոն Սպենսերի խոսքերով` ոչ մի ներկայացում չի կրկնում նախորդը:

«Նրանք կենդանիներ են, սարքավորումներ չեն: Ամեն օր այլ կերպ են արձագանքում: Նրանք ունեն տրամադրություն, ինչպես և մենք, ուստի նրանց հետ աշխատանքն է նաև դժվար»:

XS
SM
MD
LG