Մատչելի հղումներ

Քաղցկեղաբանության բնագավառի քույր հաստատությունների առաջին համաժողովը - 2005-06-10


Վերջերս Հյուսթոնում կայացավ քաղցկեղաբանության բնագավառի քույր հաստատությունների ամենամյա առաջին համաժողովը։

Քաղցկեղի բուժման գործում տեղ գտած տեխնոլոգիական կարեւորագույն ձեռքբերումները ցուցադրվում էին Հյուսթոնում հաստատված Անդերսոնի անվան քաղցկեղաբանության կենտրոնում։

Համաժողովի մասնակիցները նաեւ շրջեցին Անդերսոնի անվան քաղցկեղաբանության կենտրոնի դեռեւս կառուցման փուլում գտնվող պրոտոնային թերապիայի նոր հաստատությունում։

Սակայն Ասիայից, Լատինական Ամերիկայից եւ Եվրոպայից ժամանած քաղցկեղաբանների այցի նպատակն է նաեւ միմյանց հետ փոխանակելու գիտելիքներ եւ փորձառություն։

Քաղցկեղաբանության կենտրոնի փոխնախագահ, դոկտոր Թոմաս Բրաունն ասել է. "Ջանքեր ենք գործադրել ի մի բերելու աշխարհի տարբեր երկրներում հաստատված քաղցկեղաբանության բնագավառի առաջատար հաստատություններին, որոնք մասնագիտանում են քաղցկեղի բուժման եւ հետազոտության մեջ"։

Հոնկոնգի Չինական համալսարանի ուռուցքաբանության պրոֆեսոր Բրիդջիտ Ման նշել է. "Կարեւորում եմ այս բնագավառում միջազգային համագործակցության եւ գիտելիքների փոխանակման դերը։ Իմ կարծիքով հե՛նց դա է քաղցկեղի առեղծվածը լուծելու բանալին"։

Քաղցկեղի կանխարգելման եւ բուժման գործում տեղ գտած բարդության պատճառներից մեկն այն է, որ իրականում բազմաթիվ հիվանդությունների տրվում է միեւնույն անունը։ Դրան նպաստում է նաեւ այն փաստը, որ քաղցկեղի տարբեր տեսակներ ավելի լայն տարածում ունեն աշխարհի որոշակի շրջաններում։

Դոկտոր Բրաունն ավելացրել է. "Տեղի է ունեցել հեղաշրջում առողջ հյուսվածքը քաղցկեղածնի վերածվելու գործընթացն ըմբռնելու գործում։ Դա մեզ ներկայումս հնարավորություն է ընձեռել քաղցկեղով հիվանդ անձին ավելի անհատական մոտեցում ցուցաբերելու եւ ավելի արդյունավետորեն ախտորոշելու եւ բուժելու հիվանդությունը"։

Ներկայումս Անդերսոնի անվան քաղցկեղաբանության կենտրոնը ջանում է ավելի ընդլայնել հարաբերություններն այդ բնագավառի համաշխարհային այլ հաստատությունների հետ եւ խորացնել համատեղ ջանքերը քաղցկեղի դեմ պայքարում։

XS
SM
MD
LG