Մատչելի հղումներ

Բժշկության մեջ մասնագիտական վրիպումները կանխելու նպատակով օգտագործվող մի նոր տեխնոլոգիա  - 2005-05-20


Բժշկության մեջ մասնագիտական վրիպումները կանխելու նպատակով սկսել է օգտագործվել մի նոր տեխնոլոգիա։

Բժշկի մասնագիտության գլխավոր սկզբունքը հիվանդներին չվնասելն է։ Սակայն սխալներ տեղի են ունենում։ Եվ երբ բժիշկը պատահականորեն հիվանդին տալիս է ոչ ճիշտ դեղորայքը, ապա այդ անմեղ սխալը կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ։ Գնահատումների համաձայն, ամեն տարի ԱՄՆ-ի հիվանդանոցներում արձանագրվում են հիվանդներին սխալ դեղագրման 1 միլիոնից ավելի դեպքեր։ Դեղագործական շուկայում կան տասը հազարից ավելի դեղեր, որոնցից շատերի անվանումները նմանատիպ են հնչում։

Հիվանդանոցի ադմինիստրատոր Փոլ Ռայընը հայտնել է. "Հիվանդանոցներում դեղորայքի համակարգերի խառնաշփոթությունը հասել է երբեւէ իր ամենաբարձր մակարդակին։ Հիվանդների կացությունը վատթար է, իսկ հիվանդանոցի բուժանձնակազմը նախկինից շատ ավելի զբաղված է"։

ԱՄՆ-ի Պարենի եւ դեղորայքի գործակալությունը հուսով է, որ հիվանդանոցներում գործածվող դեղորայքի վրա հատուկ կոդավորման կիրառումը հիվանդներին կպաշտպանի ոչ ճիշտ դեղորայքի ընդունման ճակատագրական ելքով դեպքերից։ Հատուկ կոդավորված այդ թվերը կարելի է կապի մեջ դնել բժիշկների կողմից հիվանդներին ներկայացված պատվերների, դեղորայքի ճշգրիտ չափաքանակի եւ հիվանդների շրջանում ալերգիաների գոյության տեղեկատվության հետ։ Արդեն իսկ ապացույցներ կան, որ այս տեխնոլոգիան կարող է կյանքեր փրկել։

Պարոն Ռայընն ավելացրել է. "Բոլոր հիվանդանոցները ջանում են, որպեսզի ճիշտ դեղը ժամանակին հասնի հիվանդին։ Կոդավորված թվերի օգտագործումը դա կարող է դարձնել իրականություն։ Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս կոդավորված թվերի այդպիսի կիրառություն ապահովել դեղորայքի համակարգերում, որով հնարավոր կլինի կանխել բուժանձնակազմի կողմից թույլ տրված սխալները հիվանդների նկատմամբ"։

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր դեղամիջոցը կոդավորելը կարող է բարդ խնդիր լինել։ Օրինակ, հիվանդանոցներում ամենից հաճախակի օգտագործվող ապրանքատեսակներից մեկը ներերակային սնուցման ճկուն փաթեթներն են։ Մինչեւ վերջերս համարվում էր, որ չափազանց բարդ է նման մակերեւույթի վրա անհրաժեշտ կոդեր տպելը։ Սակայն Բաքսթըր ընկերությունը լուծել է այս խնդիրը՝ կիրառելով նոր տեխնոլգիա, որը հնարավորություն է ընձեռում թվային կոդեր տպելու նման մակերեւույթների վրա։

Պարոն Ռայընը նշել է. "Նոր տեխնոլոգիայի կիրառումը չափազանց օգտավետ է թե՛ հիվանդանոցների, եւ թե՛ հիվանդների համար։ Կասկածից վեր է, որ օգտագործվող դեղորայքի վերահսկողության գործում թվային կոդերի կիրառումը կնպաստի հիվանդների կյանքը փրկելուն"։

Կասկածից վեր է, որ հիվանդանոցում գտնվելու ընթացքում հիվանդները կունենան վստահության եւ հանգստության զգացում, եթե համոզված լինեն, որ բարդ տեխնոլոգիայի միջոցով հսկողություն է սահմանվում բուժանձնակազմի վրիպումների դեմ։

XS
SM
MD
LG