Միացյալ Նահանգների կառավարությունը մտահոգություն է հայտնել ուզբեկ զինվորների կողմից անզեն քաղաքացիների սպանվելու առնչությամբ։
Խռովությունը ճնշելու նպատակով ուզբեկ զինվորներն Անդիջանից հետո շրջապատեցին մեկ այլ քաղաք։ Անդիջանում զինյալ անձինք գրոհել են բանտերից մեկի վրա մահմեդական 23 բիզնեսմենների ազատելու նպատակով, ովքեր դատվում էին ահաբեկչության մեղադրանքով։ Կառավարությունն արձագանքեց ցուցարարների ու բանտից ազատ արձակված երկու հազար կալանավորների վրա կրակելով։
Նախագահ Քարիմովը բռնարարքային գործողությունների մեջ մեղադրել է մահմեդական ծայրահեղականներին։ Սակայն վերլուծաբան Քորի Վելթի կարծիքով խնդիրը միայն մահմեդականները չեն։
՚՚Խնդրի պատճառը հիմնականում սոցիալ-տնտեսական հարցն է, սա բավականին փակ հասարակություն է եւ կառավարությունը կատարել է քաղաքական ու սոցիալ-տնտեսական մի քանի սխալ ընտրություն…՚՚։
Անդիջանում հաստատված մարդու իրավապաշտպան խմբերից մեկի ղեկավար Սաիդջահոն Զայնաբիթդինովն այս մասին ասում է. ՚՚Ցուցարարները չէին պահանջում իշխանություն, մարդիկ պարզապես արտահայտում էին իրենց զգացումները…՚՚։
Բռնարարքային գործողությունները տագնապ հարուցեցին աշխարհի երկրներում։ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ռիչըրդ Բաուչերն այս մասին ասել է.
՚՚Մենք Ուզբեկստանի կառավարությանը հորդորեցինք միջազգային կազմակերպությունների թույլատրել մտնելու իրենց երկիրը, որպեսզի կարողանանք օգնություն ցուցաբերել օգնության կարոտ անձանց…՚՚։
ԱՄՆ-ի արտաքին գործոց նախարար Կոնդոլիզա Ռայսն ասել է, թե Ուզբեկստանը չափազանց փակ է քաղաքականապես։ Սակայն ավելացրել է, թե դա չի նշանակում որ Ուզբեկստանը պետք է հանդուրժի ահաբեկիչների։։ Ուզբեկստանը Միացյալ Նահանգների դաշնակիցն է ահաբեկչության դեմ մղվող պատերազմում։
Եթե հարյուրավոր մարդկանց սպանության գործում ուզբեկ զինվորների պատասխանատվության մասին լուրերը ճիշտ են, ապա 1991 թվականին անկախանալուց ի վեր դա Ուզբեկստանում վատթարագույն բռնարարքն է։