Մատչելի հղումներ

Վենեսուելան ընդլայնում է իր նավթի ու գազի շուկան - 2005-05-13


Վենեսուելան ջանում է հեռանալ իր ավանդական դաշնակցից՝ Միացյալ Նահանգներից, եւ ընդլայնել նավթի ու գազի պաշարների իր շուկան։

Նախագահ Չավեսն ասել է, թե Կուբայում իր երկրի կողմից նավթի առեւտրի գրասենյակ բացելը եւս մեկ քայլ է Վաշինգտոնի գաղութային վերահսկողությունից զերծ տարածաշրջանային սերտաճման ուղղությամբ։ Վենեսուելան Կուբային արդե՛ն իսկ հատկացնում է օրական ութսուն հազար տակառ նավթ, որի դիմաց Հավանան գործնականում կանխիկ չի վճարում։ Վենեսուելայի ընդդիմադիր կոնգրեսականներից մեկի կարծիքով, սա Հուգո Չեվեսի կողմից կատարված եւս մեկ բարեհաճ քայլ է Կուբայի ղեկավար Ֆիդել Կաստրոյի նկատմամբ։ Սակայն Վենեսուելայի ամենահանրահայտ վերլուծաբաններից Մաժար Ալ Շերեիդահը համաձայն չէ այս մտքին։

Նա ասել է, թե Կուբայի ափամերձ ջրային տարածքը երկար ժամանակ անտեսվել է որոշ նկատառումների հետեւանքով։ Վերլուծաբանի կարծիքով Կուբայի տարածքային ջրերում թերեւս նավթ կհայտնաբերվի։ Սակայն Ինտերնետային պարբերականներից մեկի խմբագիր Էլիո Օհեպն այլ կարծիքի է։

՚՚Հուգո Չավեսը նավթն օգտագործում է որպես քաղաքական գործիք։ Նա Կարիբյան ավազանի երկրներին էժան գնով նավթ է վաճառում, սակայն իր թեկնածուին Ամերիկյան երկրների կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրելու ժամանակ պարոն Չավեսը դրա դիմաց կպահանջի նրանց օգնությանը՚՚։

Քաղաքականությունը թերեւս նույնպես դեր ունի երկրի շուկաներն ընդլայնելու Հուգո Չավեսի քայլում։ Ասիայի երկրներին նավթ վաճառելու համար Վենեսուելան Կոլումբիայի հետ նավթատար խողովակաշար է կառուցում մինչեւ Խաղաղ օվկիանոսի ափը։ Այս մասին Մաժար Ալ Շերեիդան ասում է.

Նա ասում է, թե միայն մեկ հաճախորդ ունենալը նշանակում է հանձնվել այդ միակ հաճախորդի ողորմածությանը։ Վենեսուելայի նավթը կազմում է ԱՄՆ-ի ներմուծած ամբողջ նավթի տասներկու տոկոսը, մինչդեռ Միացյալ Նահանգները ներկայացնում է Վենեսուելայի արտահանման շուկայի 70 տոկոսը։

Միաժամանակ, Չավեսի կառավարությունն ավելացրել է Վենեսուելայում գործող օտարերկրյա ընկերությունների եկամտահարկերն ու վճարումները։ Այս մասին Էլիո Ահերն ասում է.

՚՚Ընկերությունները չարձագանքեցին դրան, բացի մեկից։ Էքսոն Մոբիլը դժգոհեց, որ Վենեսուելայի կառավարությունն օրենքները փոխում է առանց ընկերությունների հետ խորհրդակցելու…՚՚։

Վենեսուելան աշխարհում հինգերորդ խոշորագույն նավթարդյունահանողն է։ Այս երկիրը թերեւս ունի աշխարհում նավթի ամենախոշոր պաշարը։ Չնայած Վաշինգտոնի հետ իր լարված հարաբերությանը, Հուգո Չավեսը շարունակում է նավթ առաքել Միացյալ Նահանգների նավթազտիչ գործարաններին։ Վերլուծաբանների կարծիքով առայժմ վտանգ չի սպառնում երկու երկրների առեւտրական հարաբերությանը, որին ապավինում են երկու երկրները։

XS
SM
MD
LG