Մատչելի հղումներ

Գիտությունը նոր առաջընթաց է արձանագրում... - 2005-05-02


Էլեկտրոնային սարքեր արտադրող ՚՚Ինթել՚՚ ընկերությունը պատրաստել է Ինտերնետը կիլոմետրեր հեռավորությունից մատչելի դարձնող հեռահաղորդակցական չիփեր։ ՚՚Վի Մաքս՚՚ կոչվող նոր չիփը համարվում է անթել տեխնոլոգիայի հաջորդ սերունդը։ Ռադիոազդանշաններ ընդունող եւ հաղորդող ՚՚Վի Մաքս՚՚-ը հնարավորություն կտա կիլոմետրեր հեռավորությունից կապվելու Ինտերնետին։

Դա նշանակում է, որ Ինտերնետից օգտվողներն այլեւս հարկադրված չեն լինի որոնելու մինչեւ հարյուր մետր տարածության վրա գտնվող մատչելի կետեր։ ՚՚Վի Մաքս՚՚-ը կգործի մինչեւ 50 կիլոմետր հեռավորության վրա։ Նոր չիփը քաղաքում եւ դրա սահմաններից դուրս կգործի հեռահաղորդակցական մեկ աշտարակի միջոցով։

՚՚Ինթել՚՚ ընկերության պաշտոնյաներից Քրեյգ Բարեթն ասում է.

՚՚Կարծում եմ ՚՚Վի Մաքս՚՚-ը լինելու է բեկումնային տեխնոլոգիա, որը մեր պատկերացումը կփոխի Ինտերնետային եւ ձեռքի հեռախոսային կապի մասին՚՚։

՚՚Վի Մաքս՚՚-ն արդե՛ն իսկ փորձարկվում է Մեծ Բրիտանիայում։

Գիտության եւ արդյունաբերության ազգային թանգարանն այն օգտագործում է իր վիթխարի հավաքածուի տվյալները պահելու համար։ Սվինդոնի շենքերից մեկի տանիքին գտնվող ՚՚Վի Մաքս՚՚-ի կայանն անթել կերպով միացած է բազմաթիվ կիլոմետրեր հեռու գտնվող պահեստների անտեննաներին։ ՚՚Վի Մաքս՚՚-ը թանգարանի աշխատակիցներին հնարավորություն է ընձեռում շրջելու իրենց վիթխարի պահեստներում։ Թանգարանի աշխատակցուհի Մարթա Լեսկարդն ասում է.

՚՚Այժմ, երբ ՚՚Վի Մաքս՚՚-ը գործում է մեր պահեստներում, կարող եմ իմ ձեռքի համակարգիչը բերել իրերի մոտ որոնց հետ աշխատում եմ եւ դրանց տվյալներն անմիջականորեն անցկացնել համակարգչում…՚՚։

՚՚Ինթել՚՚ ընկերության կարծիքով ՚՚Վի Մաքս՚՚-ը պայծառ ապագա ունի գյուղական շրջաններում։ ՚՚Վի Մաքս՚՚-ը նաեւ կարող է կենսական կապ դառնալ զարգացող երկրների համար։ ՚՚Ինթել՚՚-ի աշխատակիցներից Գորդոն Գրեյլիշն ասում է.

՚՚…այժմ կարող եմ բերել անթել ենթակառույց, որը բիզնեսներին հնարավորություն կտա վաճառել եւ գնել Ինտերնետի միջոցով, դպրոցները կապել աշխարհի հետ, բժիշկները կկարողանան բազմաթիվ կիլոմետր հեռավորության վրա գտնվող իրենց հիվանդների պատկերները փոխանցել մասնագետներին՚՚։

Որոշ անձինք տարակուսում են, թե ՚՚Վի Մաքս-ն արդյո՞ք կարող է զարգացնել բավարար արագություն։ Մյուսներն այն կարծիքին են, որ այն աստիճանաբար կստվերի Ինտերնետին կապելու ավանդական մյուս ձեւերը։ ՚՚Վի Մաքս՚՚-ն աշխարհի երկրներում փորձարկվել է ավելի քան 100 անգամ։ Այն հավանաբար վաճառքի կհանվի առաջիկա երկու տարում։

XS
SM
MD
LG