Մատչելի հղումներ

Տասնյակ տարիներ անհետացած մի թռչնատեսակի վերահայտնաբերումը - 2005-04-29


Վերջին 60 տարում առաջին անգամ վերստին հայտնաբերվել է վաղուց անհետացած համարվող մի թռչնատեսակ։

1944 թվականից ի վեր առաջին անգամն է, որ Արկանզասի ճահճոտ անտառներում հայտնվել է փայտփորիկը։

Անցած հինգշաբթի Կոռնելի համալսարանից Ջոն Ֆիթսպատրիկը հայտարարեց, որ դեռեւս գոյատեւում է փղոսկրագույն կտուցով առնվազն մեկ արու փայտփորիկ։

Պարոն Ֆիթսպատրիկը նշել է. "Այս հիանալի թռչնատեսակին բնության մեջ տեսնելու հույսերը մարելուց 60 տարի անց վերստին հայտնաբերվել է փղոսկրագույն կտուցով փայտփորիկը"։

Այս թռչունը փայտփորիկների խոշորագույն տարատեսակներից մեկն է աշխարհում։ Փղոսկրագույն կտուցով փայտփորիկը մի ժամանակ տարածված է եղել Միացյալ Նահանգների հարավ-արեւելյան անտառներում։

Սակայն այն անհետացավ, երբ լայնածավալ անտառահատումների հետեւանքով ոչնչացվեցին բազմաթիվ անտառներ։

Կոռնելի համալսարանի թռչնագիտությանը նվիրված պարբերականի խմբագիր Թիմ Գալագերն ու Ալաբամայի նահանգի Օուքվուդի քոլեջի պրոֆեսոր Բոբի Հարիսոնը փայտփորիկին նկատել են 2004 թվականի փետրվարին։

Պարոն Գալագերն ասել է, որ Արկանզասի ճահճոտ ծովածոցում կայակ վարելիս սեւ ու սպիտակ գույներով մի փայտփորիկ 70 ոտնաչափից նվազ հեռավորության վրա թռավ իրենց դիմացից։

Պարոն Գալագերը հայտնել է. "Գիշերեցինք անտառում, իսկ հաջորդ օրը կեսօրին մեր դիմացից բավականին մոտիկ հեռավորության վրա թռավ փղոսկրագույն կտուցով մի փայտփորիկ"։

Երկու ամիս անց որոնողների մի խմբի հաջողվեց տեսագրել փայտփորիկի թռիչքը պատկերող 4 վայրկյանանոց մի տեսաժապավեն։

Մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ պարոն Ֆիթսպատրիկը նշեց, որ այս թռչնատեսակը որոնվում էր տասնյակ տարիներ եւ մինչեւ այժմ նրա գոյությունն ապացուցող հավատարժան փաստեր չկային։

Պարոն Ֆիթսպատրիկն ավելացրել է. "Այն անձանց համար, ովքեր համառորեն պնդում են, թե մարդիկ եւ բնական համակարգերը կարող են ներդաշնակորեն ապրել կողք կողքի, հայտնագործությունը, որի մասին հայտարարում ենք այսօր, թերեւս ամենահուսադրող պահն է, որ երբեւէ կարելի է պատկերացնել"։

Գիտնականներն ասում են, թե նպատակ ունեն վերականգնելու արեւելյան Արկանզասի անտառների 200 հազարից ավելի ակր տարածքը, մասամբ այն հույսով, որ փղոսկրագույն կտուցով փայտփորիկն ընդմիշտ չի անհետանա։

XS
SM
MD
LG