Մատչելի հղումներ

Մարբուրգի տենդի երբեւէ արձանագրված վատթարագույն համաճարակի բռնկումը - 2005-04-18


Անգոլայի Ույջի գավառում շարունակում է ավելանալ արյունահոսությամբ ուղեկցվող Մարբուրգի տենդից զոհերի թիվը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարծիքով այն Մարբուրգի տենդի երբեւէ արձանագրված վատթարագույն համաճարակի բռնկումն է։ Վարակահարուցիչ մանրէի զոհ են դարձել հիվանդների 90 տոկոսը։ Մարբուրգն ու Էբոլան պատկանում են վարակահարուցիչ մանրէների միեւնույն դասին։ Հիվանդության դեմ արդյունավետ դեղամիջոց չկա եւ վաղ փուլերում դրա բուժումը գոյատեւման լավագույն գրավականն է։

ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտից դոկտոր Անթընի Ֆաուչին ասել է. "Հիվանդությունը մեկ անձից մյուսին կարող է փոխանցվել մեզի, արտաթորանքի, փսխունքի միջոցով։ Տեսականորեն վարակը նույնիսկ կարող է փոխանցվել քրտինքի մեկ կաթիլի միջոցով։ Մեզ մտահոգություն են պատճառում այդ հիվանդությունից տառապող հիվանդներին հոգ տանող ընտանիքի անդամները եւ բուժանձնակազմի ներկայացուցիչները"։

Վարակից զերծ մնալու համար առողջապահության բնագավառի որոշ ներկայացուցիչներ Անգոլայում կրում են պաշտպանական դիմակներ եւ այլ պարագաներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձում է բարելավել հիվանդության վաղ ախտորոշումն ու մեկուսացնել վարակվածներին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դոկտոր Մայք Ռայընը հայտնել է. "Մեզ հաջողվում է մասնակիորեն վերահսկել հիվանդության փոխանցումը մեկ անձից մյուսին։ Այնուամենայնիվ իրավիճակը չափազանց բարդ է։ Արյունահոսությամբ ուղեկցվող տենդը մեկ անձից մյուսին փոխանցվելու փուլային զարգացման կանխումը պահանջում է մարդկային շփումների կանոնավոր հետազոտում, ինչպես արվում էր արտասովոր թոքաբորբի ժամանակ"։

1998 թվականին Կոնգոյում Էբոլայի համաճարակի բռնկման ժամանակ խուսափում էին հուղարկավորության ավանդական ծիսակատարություններից։ Դոկտոր Ռայընը հայտնել է, թե հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ունենալ համայնքային ներգրավվածություն։

Չնայած Մարբուրգի տենդը չափազանց վարակիչ հիվանդություն է, դոկտոր Ֆաուչին ասել է, թե հավանականությունը փոքր է, որ հիվանդության վարակահարուցիչ մանրէն օդային ուղիներով ճամփորդողների միջոցով կտարածվի աշխարհի այլ երկրներում, ինչպես արտասովոր թոքաբորբի դեպքում էր։ Նա ավելացրել է, թե Մարբուրգի տենդով տառապող որեւէ անձ չափազանց թույլ կզգա ինքնաթիռով ճամփորդելու համար։

XS
SM
MD
LG