Ապրիլի 4-ին գրականության ասպարեզում բանաստեղծական արվեստի ժանրում գլխավոր մրցանակը շնորհվեց Ամերիկայի ազգային բանաստեղծ, Նեբրասկայի նահանգից կենսաթոշակառու Թեդ Քուսերին։
Կոնգրեսի գրադարանի կողմից ԱՄՆ-ի բանաստեղծական արվեստի դափնեկրի կոչումը շնորհվել է Թեդ Քուսերին։ Թեդը Նեբրասկայի նահանգից է։
Պարոն Քուսերն ասել է. "Կյանքում միշտ ցանկացել եմ բանաստեղծություններ գրել, սակայն պետք է ապրուստի ձեւ որոնեի։ Այդպիսով իմ աշխատանքն ու բանաստեղծություններ գրելը բացարձակապես տարբերվում էին միմյանցից"։
25 տարի շարունակ Թեդը պաշտոնավարել է ապահովագրության բնագավառում, սակայն ամեն առավոտ մինչեւ աշխատանքի գնալը ժամեր շարունակ գրել է բանաստեղծություններ։ Ներկայումս նա իր ամբողջ ժամանակը տրամադրում է գրելուն, դասավանդելուն եւ իրականացնում է դափնեկրի պարտականություններ։
Թեդն ավելացրել է. "25 տարի է, ինչ խորհում եմ բանաստեղծութունների էջ վերաբացել լրագրերում եւ երբեք չէի կարողանա դա իրականացնել՝ առանց այս գրասենյակի օգնության։ Այժմ հնարավորություն ունեմ հանդիպելու այդ բնագավառի կարեւոր անձանց հետ"։
Իր տասը գրքերից շատերում Թեդն անդրադառնում է ԱՄՆ-ի արեւմտյան մասում գտնվող Նեբրասկայի նահանգի Գրեյթ Փլեյնզի բնության գեղեցկությանը։
Պարոն Քուսերը նշել է. "ԱՄՆ-ի բանաստեղծական արվեստի դափնեկրի կոչումը մասամբ ինձ շնորհվեց այն պատճառով, որ երկրի այն մասից եմ, ուր նախկինում չեն շնորհվել բավարար թվով ազգային նման պարգեւներ։ Գրեյթ Փլեյնում կան բազմաթիվ լավ գրողներ եւ նրանք եւս արժանի են ուշադրության"։
Որպես պոեզիայի դափնեկիր Թեդն ի վիճակի է դա իրականացնելու։ Նա երբեմն ուշադրությունից դուրս մնացած բանաստեղծներին հրավիրում է ելույթներով հանդես գալու Կոնգրեսի գրադարանում եւ նրանց գործերը հրատարակում է իր լրագրում։
Թեդի հռչակը նպաստել է նաեւ նրա բանաստեղծությունների տասհատորյակի վաճառքին։
Նա ասել է. "Լավագույնն այն է, որ այժմ շատ ավելի մեծ թվով ընթերցողներ ունեմ, քան ունեի։ Նաեւ շատ ավելի մեծ թվով հիանալի նամակներ եմ ստանում մարդկանցից"։
Նույնիսկ հիասքանչ այս բանաստեղծը երբեմն բառեր չի գտնում արտահայտելու գոհունակությունն իր ներկայիս դիրքից։