Մատչելի հղումներ

Վիճահարույց դիվանագետը կարեւոր պաշտոնի թեկնածու... - 2005-04-06


Կոնգրեսում այսօր քննարկվեց Ջոն Բոլթոնին ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում նշանակելու հարցը։

Ջոն Բոլթոնը, որը ծառայել է Արտաքին գործոց նախարարության զինաքննիչների խմբի ղեկավար, հայտնի է սուր արտահայտվելու ոճով։ Երկու տարի առաջ, Հյուսիսային Կորեայի միջուկային զենքերի ծրագրի շուրջ բանակցությունների նախօրյակին պարոն Բոլթոնը Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Ջոնգ Իլին անվանել է ՚՚ դաժան բռնակալ՚՚։

՚՚Մինչ Փհենյանում ապրում է արքայաբար, հարյուր-հազարավոր անձանց պահում է բանտային ճամբարներում, իսկ միլիոնավոր այլ անձինք հեծում են ծայրահեղ աղքատության մեջ…՚՚։

Իր պատասխանում Հյուսիսային Կորեայի կառավարությունը պարոն Բոլթոնին անվանեց ՚՚մարդկային տականք՚՚ եւ նրան թույլ չտվեց ընդգրկվել Միացյալ Նահանգների բանագնացների խմբում։

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, պարոն Բոլթոնը 1994 թվականին հայտարարեց, որ ՄԱԿ-ի քարտուղարության շենքը տասը հարկից զրկվելու դեպքում ոչինչ չի կորցնի։ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնին նրա թեկնածությունն առաջադրելիս արտգործնախարար Քոնդոլիզա Ռայսը պարոն Բոլթոնին նաեւ դրվատեց միջուկային զենքերից Լիբիայի հրաժարվելու գործում կարեւոր դեր ունենալու համար։

՚՚Նախագահն ու ես Ջոնին խնդրեցինք ստանձնել այս պաշտոնը։ Նա սթափ մտածող դիվանագետ է եւ մեծ հաջողությունների է հասել իր աշխատանքում՚։

՚՚Հերիթիջ՚՚ հաստատությունում անվտանգության հարցերով փորձագետ Նայլ Գարդիներն ասում է, թե Վաշինգտոնում ազդեցիկ մի անձի ՄԱԿ-ում դեսպան նշանակելով նախագահ Բուշը ցույց է տալիս թե որքան կարեւոր է համարում ՄԱԿ-ը։

՚՚Օրինակ, կարծում եմ, Ջոն Բոլթոնը եռանդունորեն բանակցություններ կվարի իրանյան վարչակարգի հետ միջուկային խնդրի շուրջ։ Նա նաեւ կարեւոր դեր կունենա ՄԱԿ-ը՝ այդ թվում դրա Մարդու իրավունքների հանձնաժողովը բարեփոխելու գործում՚։

Այլ վերլուծաբաններ ասում են, որ Բուշի որոշումը խառն ազդանշան կհղի աշխարհի երկրներին։ Ռիք Բարթընը Ռազմավարական ու միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետներից է։

՚՚Հստակ չէ, թե պարոն Բոլթոնն արդյո՞ք հավատում է ՄԱԿ-ի արմատական արժեքներին։ Եւ սա կատարվում է Եւրոպայում նախագահ Բուշի ուղեւորությունից հետո, ուր հայտնել է թե չի ցանկանում միակողմ մոտեցում ունենալ արտաքին քաղաքականությանը։ Սա փոքր-ինչ հակասական է՚՚։

Դեմոկրատական կուսակցությունից որոշ թվով օրենսդիրներ պարոն Բոլթոնին համարում են հակասությունները սրող անձ։

՚՚…նա ուներ ցանկացածն ասելու հնարավորությունը, իսկ այժմ պատասխանատվություն ունի, քանի որ Ամերիկայի արտաքին քաղաքականության հարցերով ամենահայտնի խոսնակներից մեկն է՚՚։

XS
SM
MD
LG