Առկա է մտահոգություն, որ առաջիկայում թերեւս կտարածվի թռչնագրիպի է՛լ ավելի մահացու տարատեսակ։
Թռչնագրիպն արագորեն տարածվում է Հարավարեւելյան Ասիայում։ Առողջապահության բնագավառի պաշտոնատարների շրջանում առկա է մտահոգություն, որ թռչնագրիպի մանրէն կարող է ձեւափոխվել մեկ այլ տարատեսակի, որն ի վիճակի է տարածվելու մարդկանց շրջանում եւ որի դեմ գիտնականները թերեւս միջոցներ չունեն պայքարելու։
Հիվանդությունների վերահսկման եւ կանխման ԱՄՆ-ի կենտրոնի ղեկավար դոկտոր Ջուլի Գերբերդինգն ասել է, թե ճգնաժամ դեռեւս չկա։
՚՚Մենք անմիջականորեն թռչնագրիպի համաճարակի եզրին չենք՚՚։
Սակայն նա շեշտել է մարդկանց շրջանում մանրէի տարածվելու առաջին դեպքն արագորեն հայտնաբելու կարեւորությունը։ Որպես օրինակ, նա վկայակոչել է 1918 թվականի թռչնագրիպի համաճարակը։
՚՚Երբ թռչնագրիպի մանրէն ձեւափոխվեց եւ դարձավ 1918 թվականի համաշխարհային համաճարակը հարուցած տարատեսակը, դա տեղի չունեցավ մեկ օրում։ Դա տեղի է ունենում աստիճանաբար եւ մանրէն ձեւափոխվելով ավելի արդյունավետորեն է տարածվում մարդկանց շրջանում։ Այս իսկ պատճառով կարեւոր է պահեստում ունենալ ՚՚Էյչ-5՚՚ պատվաստանյութի երկու միլիոն չափաբաժին եւ մանրէների դեմ դեղորայք՝ դրանք համաճարակի շրջան փոխադրելու համար՚՚։
1918 թվականի գրիպի համաճարակի հետեւանքով, որը նաեւ հայտնի է ՚՚Իսպանական գրիպ՚՚ անվամբ, աշխարհում մահացել են 20-ից 40 միլիոն անձինք։ Թռչնագրիպից մինչեւ այժմ մահացած անձանց ընդհանուր թիվը կազմում է 42 մարդ, ովքեր ասիական երկրներից էին։
Գրիպի տարածումը կանխելու համար սպանվեցին հարյուր հազարավոր վարակված թռչուններ։
Դոկտոր Գերբերդինգի կարծիքով, թչնագրիպի դեմ պայքարելու համար աշխարհի երկրները պետք է գործեն միասնաբար։
՚՚Որեւէ երկրի համար դժվարին կլինի միայնակ պայքարելը։ Սակայն միասին ունենք չափազանց զորեղ ցանց, որը պետք է զարգացնենք, դրան աջակցենք եւ ապավինենք՚՚։
Դոկտոր Գերբերդինգը նշել է, թե համաշխարհային առողջապահության նույն ցանցի շնորհիվ հնարավոր դարձավ կանխել ՍԱՐԶ-ը, թոքերի բորբոքման նման հիվանդությունը, որի հետեւանքով Ասիայում անցած տարի մահացավ 800 մարդ։
Ամերիկայի Ձայն, Վաշինգտոնից։