Մատչելի հղումներ

Քենեդիների տնային կահույքի, արվեստի գործերի եւ այլ առարկաների աճուրդը Նյու Յորքում - 2005-02-18


Սոթբի աճուրդային ընկերությունն անցած շաբաթ Նյու Յորքում կազմակերպել է երբեմնի նախագահ Ջոն Քեննեդու եւ Ջաքլին Քենեդի Օնասիսի տնային կահույքի, արվեստի գործերի եւ այլ առարկաների աճուրդը։

Նախապատրաստվելով Քենեդիների տնային իրերի երկրորդ աճուրդին, Սոթբին ի մի է բերել 700-ից ավելի առարկաներ՝ մասոնական սափորներից մինչեւ ադամանդակուռ զարդերը։

Սոթբի աճուրդային ընկերության գնահատումների համաձայն, աճուրդից հետո ստացված ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 1 միլիոն դոլար, իսկ որոշ առարկաներ կվաճառվեն 200 դոլարից նվազ գումարով։

Աճուրդի են հանված իրեր Քենեդիի եւ Օնասիսի Նյու Յորքի, Մասաչուսեթսի նահանգի Հայանիս նավահանգստի եւ Մարթայի Վինյարդի, Նյու Ջըրսիի նահանգի Փիփաքի եւ Վիրջինիայի նահանգի Միդլբուրգի տներից, ինչպես նաեւ Քենեդիների կողմից Սպիտակ Տանն օգտագործած կահույքը։

Աճուրդի հանված իրերից հատկապես ուշադրության է արժանացել Կհմերի ավազաքարից պատրաստված 11-րդ դարի մի քանդակ, որի ակնկալված արժեքը 40 հազարից 60 հազար դոլար է։

՚՚Սոթբի՚՚ աճուրդային ընկերության փոխնախագահ Դեյվիդ Ռեդենն ասել է. "Քենեդիների ընտանիքն անշուշտ ամերիկյան պատմության կարեւոր մաս է կազմում։ Նրանք պատկանում են ամերիկյան վերնախավին։ Անկասկած դեռեւս կենդանի է նրանց ընտանիքի հետ կապված հմայքը եւ այս աճուրդը հնարավորություն է ընձեռում մոտիկից ծանոթանալու նրանց կենսաոճին, մասնավորապես նրանց ամառանոցային տներին"։

Աճուրդի են հանված բազմոցներ, աթոռներ, այդ թվում նախագահ Քենեդուն չափազանց դուր եկած ճոճաթոռներ, ինչպես նաեւ սպասքեղենի հավաքածու։

Իրերն աճուրդի հանելու առնչությամբ համաձայնագիրը տրվել է Քենեդիների դուստր Քերոլինի կողմից, որն աճուրդի հանված իրերի գրացուցակի ներածականում ասում է, թե պատմական նշանակության ամեն իր հանձնել է Ջոն Քենեդու անվան գրադարանային հաստատությանը՝ պահելով այն իրերը, որոնք ամենամեծ կարեւորությունն են ներկայացնում իր եւ իր երեխաների համար։ Քերոլինն ավելացրել է, թե աճուրդի հասույթի մի մասը կհատկացվի գրադարանային հաստատությանն ու բարեգործական այլ կազմակերպությունների։

XS
SM
MD
LG