Մատչելի հղումներ

Քոնդոլիզա Ռայսը Եւրոպային կոչ է անում մի կողմ դնել ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները։ - 2005-02-09


Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարար Քոնդոլիզա Ռայսը Եւրոպական երկրներին հորդորում է մի կողմն դնել տարաձայնությունները եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում սկսել նոր գլուխ։

Արտաքին գործոց նախարար Ռայսն իր ելույթի համար ընտրել էր Փարիզը, քանի որ Ֆրանսիան Իրաք ներխուժելու Բուշի վարչակազմի պատճառը եւ պատերազմը վարելու ձեւը քննադատող առաջատար երկրներից մեկն է։ Ռայսն ասել է, որ չնայած այս տարակարծություններին, Ամերիկան պատրաստ է ու ցանկանո՛ւմ է սկսել համագործակցության նոր ժամանակաշրջան։

՚՚Ամերիկան պատրաստ է աշխատելու Եւրոպայի հետ ընդհանուր օրակարգի շուրջ, իսկ Եւրոպան պետք է պատրաստ լինի աշխատելու Ամերիկայի՛ հետ։ Վերջիվերջո, պատմությունը մեր մասին անշուշտ կդատի ոչ թե մեր նախկին տարակարծություններով՝ այլ մեր նոր նվաճումներով՚՚։ Քոնդոլիզա Ռայսն ասել է, որ աշխարհում դեպի ազատություն եւ արդարություն կատարվող քայլերը պետք է լինեն Եւրոպայի ու Միացյալ Նահանգների մասնակցությամբ համաշխարհային օրակարգի կարեւորագույն հարցը։

՚՚Կարեւորագույն հարցի համար անհրաժեշտ է աշխարհի երկրների համագործակցությունը, ուստի եկեք բազմապատկենք մեր ընդհանուրի ջանքը՚՚։

Արտաքին գործոց նախարարը նաեւ ասել է, թե քաջալերված է Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ հրադադարի համաձայնությունից, որը հաջորդել է երկու կողմերի ղեկավարների հետ Ռայսի հանդիպմանը։ Նա ասել է, թե ոչ մեկը պատրանք չի տածում առջեւում եղած դժվարությունների առնչությամբ եւ խոստացել է, որ նախագահ Բուշի հետ հանձնառու կմնան որպեսզի բոլոր կողմերի միջեւ հաստատվի խաղաղություն։

Նա աշխարհի երկրներին հորդորել է ջանասիրաբար աշխատել, որպեսզի Իրաքին օգնեն հաղթահարելու այնտեղ բռնարարքներ գործող ապստամբներին եւ հաստատեն կայուն ժողովրդավարություն։

՚՚Նրանք ցուցաբերեցին արտասովոր քաջություն եւ վճռակամություն։ Մենք պետք է նրանց ցույց տանք մեր համերաշխությունն ու վեհանձնությունը։ Մենք նրանց պետք է աջակցենք, մինչ ստեղծում են իրենց քաղաքական հաստատությունները։ Մենք պետք է նրանց օգնենք տնտեսական վերակառուցմամբ եւ զարգացմամբ։ Մենք պետք է իրաքցիների կողքին կանգնենք անվտանգություն ապահովելու համար, մինչեւ կարողանան լիովին ստանձնել այս գործը՚՚։

Արտաքին գործոց նախարարն ասել է, թե չնայած Իրաքի պատերազմի շուրջ հրապարակային տարաձայնություններին, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան սերտորեն աշխատում են այլ՝ այդ թվում Աֆղանստանի եւ Կոսովոյի խնդիրների վրա։ Նա կատակել է, որ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի փոխհարաբերությունները շատ ավելի լավ են գործնականում՝ քանի տեսականում։

XS
SM
MD
LG