Մատչելի հղումներ

Ընտրությունները Հյուսիսային Իրաքում - 2005-02-01


Անցած կիրակի քվեատեղիներն առավոտյան ժամը յոթին բացվելուց ի վեր Էրբիլի բնակիչները խմբերով ժամանեցին երկրի ազգային նոր խորհրդարան ընտրելու, որը նրանց մերժվել էր տասնամյակներ շարունակ։ Քրդական այս քաղաքում մարդիկ գիտեն, որ նոր երկիր կառուցելու համար անհրաժեշտ է ժամանակ եւ համառ աշխատանք։

Սիանիների ընտանիքն ապրում է Էրբիլի համեստ թաղամասերից մեկում։ Նրանց տունը զուրկ է կենտրոնական ջեռուցումից եւ տաքանալու համար նրանք օգտագործում են փոքրիկ նավթավառներ։ Ջաբար Օթման Սիանին ընտանիքի գլխավորն է։ Այս ընտրությունը նրա կյանքում կայանում է ուշացումով, սակայն սա նոր սկիզբ է պարոն Օթմանի եւ հատկապես նրա ժողովրդի համար։

'Ամերիկացիներն ու Եւրոպական երկրները մեզ օգնեցին վերստին ոտքի կանգնելու։ Նրանք բոլոր երկրներին ազդարարեցին, որ քուրդ կոչվող ժողովուրդ կա։ Ես կարծես վերածնվեցի'։

Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի շրջանում կա չորս խոշոր քաղաք։ Թուրքիայի հետ սահմանում առկա են բարձր լեռներ, որոնք արեւելքում մոտենում են Իրանին։ Տարածքի մնացած մասը հարթավայրեր են։ Քուրդիստանի ժողովուրդը, այդ թվում կանայք դարեր շարունակ սովորել են լինել տոկուն եւ ապավինել սեփական ուժերին։ Ընտրությունը հատկապես կարեւոր է նրանց համար, քանի որ կանայք մտադիր են կազմել ազգային խորհրդարանի անդամների երեսուն տոկոսը։ Նեհլա Սիանին հպարտ է դրանով։

'Մենք չափազանց ուրախ ենք մասնակցելու ընտրական այս գործընթացին։ Մենք հպարտ ենք որ ինչպես այլ երկրներում է, մեր ձայնը լսելի կդառնա եւ խորհրդարանում ու տարբեր նախարարություններում կին ներկայացուցիչներ կունենանք, քանի որ կանայք համայնքի սիրտն են'։

Այստեղ մարդիկ ասում են, թե մարդու բնավորությունն ու ոգու ամրությունը գերադասելի են ունեցվածքից։ Նրանք տեղյակ են, որ տարիներ կտեւի մինչեւ կյանքի որակն ամբողջովին բարելավվի։ Սակայն այժմ մեծ դժվարություններ են առկա նույնիսկ առօրյա հարցերում։ Օրինակ, մարդիկ բենզինի համար կիլոմետրերով հերթ են կանգնում մի քանի լիտր իրենց ավտոմեքենաների համար հայթայթելու նպատակով։

Իրաքը երկիր է, ուր գտնվում են աշխարհում խոշորագույն նավթահանքերից մի քանիսը։

Նեհիա Սիանիի ամուսինը, Սորանն ասում է թե կյանքն Իրաքում կբարելավվի եթե մարդկանց վերաբերմունքը փոխվի։ Նա ասում է թե անցյալի կրոնական եւ ազգամիջյան ատելությունը պետք է մոռացության մատնվի։ Սորանն ասում է, թե ցանկանում է բարեկամության ձեռքն առաջի՛նը մեկնել։

'Ներկայումս նրանք ատում են մեզ, սակայն մենք սիրում ենք նրանց։ Քանի որ այս ընտրությունն առաջինն է մեր ընդհանուր երկար ճանապարհում'։

Իրաքը բազմազգ երկիր է եւ նրանք բոլորն այժմ ունեն ընդհանուր ապագա։ Առնվազն Քուրդիստանի շրջանում այս ընտրությունը ցույց տվեց, որ ապագան կարելի է սկսել խաղաղությամբ։

XS
SM
MD
LG