Միացյալ Նահանգներում ապրող իրաքցիները մի քանի օր շարունակ ԱՄՆ-ում մասնակցեցին Իրաքի ընտրություններին։
Միացյալ Նահանգներում ապրող խանդավառ իրաքցիները մասնակցեցին Իրաքի ընտրություններին։ Մարդիկ, ինչպես Սիեդ Հուսեյնն ու նրա ընտանիքի անդամներն են, Փենսիլվանիայի իրենց տնից ավտոմեքենայով տասը ժամ ճանապարհ կտրելով հասան Միչիգան՝ մասնակցելու ընտրություններին։ Նա ասում է, թե ընտրությունները Սադամ Հուսեյնի աջակիցների կողմից սպանված իր եղբոր խորհրդանշական հաղթանակն է։
'Այսօր ես չափազանց ուրախ եմ։ Ես եւ իմ ընտանքի անդամները 35 տարի շարունակ սպասել ենք այս օրվան'։
Իրաքյան ծագմամբ ամերիկացիները ընտրություններին մասնակցեցին անցած ուրբաթ օրից մինչեւ կիրակի, երկրի հինգ քվեատեղիներում։ Որոշ քվեատեղիներ նրանք գնում էին ավտոբուսներով, ժամեր շարունակ հերթում սպասելով անվտանգության խստագույն միջոցներով ստուգվելու համար։ Այս քվեատուներն օգնում են ընտրելու Իրաքի նոր խորհրդարանի անդամներին։ Իրաքյան ծագմամբ ամերիկացի Տոնյա Գիլլին ուրախ է ընտրություներին մասնակցելու համար։
'Հայրս իր թեկնածությունն է առաջադրել, այս իսկ պատճառով սա ինձ համար մեծ նշանակություն ունի'։
Իրաքցի կանայք առաջին անգամ առաջադրել են իրենց թեկնածությունը։ Այստեղ, ԱՄՆ-ում կանայք՝ ինչպես Վաֆեն Նաջիմն է, թերահավատ էին քվեարկության առնչությամբ, սակայն այնուամենայնիվ մասնակցեցին դրան։ Նա ասում է, թե սա նոր էջ է իրաքցի կանանց համար։
'Ես ասացի, որ եթե ընտրությունների արդար եւ ազատ կայացման ու արդար կառավարություն ընտրելու հնարավորությունը նույնիսկ մեկ տոկոս է, եկեք մասնակցենք ընտրություններին'։
Ալֆաել Ալ-Շամին ասում է, թե Իրաքից 25 տարի առաջ ճողոպրելուց ի վեր առաջին անգամ կարող է երազել իր հայրենիքի ապագայի մասին։
'Ինձ զգում եմ ինչպես վանդակից դուրս եկող թռչունը, որը փորձում է վերստին թռչել այսքան տարվա ճնշումից հետո'։
Սարքան Քըրդըրը, որը Հյուսիսային Իրաքի քրդերից է, այժմ իր ընտանիքի հետ ապրում է մայրաքաղաք Վաշինգտոնի արվարձաններից մեկում։ Նա ասում է, թե այս ընտությունները բոլոր իրաքցիների համար օգտակար կլինեն երկարաժամկետ առումով։
'Սա չափազանց կարեւոր պահ է բոլոր իրաքցիների համար։ Նշանակություն չունի մարդու ազգային պատկանելիությունը, թե Իրաքի որ մասում է ապրում, կամ ինչ կրոն է դավանում։ Ամենակարեւորն այն է, թե մարդն ինչպիսի՞ թեկնածուների օգտին է քվեարկում, ովքեր կազմելու են Իրաքի նոր սահմանադրությունը, որը ներգործություն է ունենալու բոլոր իրաքցիների կյանքի վրա'։
Հազարավոր իրաքցիների համար, ովքեր ԱՄՆ-ում մասնակցել են ընտրություններին, քվեարկությունը համարվում է Իրաքի նոր ապագայի սկիզբը։