Մատչելի հղումներ

Իրաքում կայացած խորհրդարանական ընտրությունները - 2005-01-31


Կիրակի օրն Իրաքում կայացան վերջին 50 տարվա ընթացքում երկրի խորհրդարանական առաջին ազատ ընտրությունները։

Ընտրողներից ոմանք եկել էին անվաթոռներով, ուրիշները ոտքով կտրել էին մի քանի մղոն ճանապարհ եւ ապստամբների սպառնալիքներն անտեսելով միլիոնավոր իրաքցիներ մասնակցեցին կիրակի օրվա ընտրություններին։

Իրաքի նախագահի պաշտոնակատար Ղազի ալ-Յավերը կիրակի օրվա ընտրությունները բնութագրել է որպես նոր դարաշրջանի սկիզբ իր երկրի համար։

Պարոն ալ-Յավերն ասել է. "Սա կլինի ազատ աշխարհին միանալու եւ ժողովրդավարության հաստատման գործում մեր առաջին քայլը"։

Իրաքի ընտրական պաշտոնատարների հաշվումներով, ընտրություններին մասնակցել է երկրի բնակչության 72 տոկոսը, սակայն ԱՄՆ-ի արտաքին գործոց նախարար Քոնդոլիզա Ռայսը նախազգուշացրել է, թե որոշ ժամանակ կպահանջվի մինչեւ պաշտոնատարները ստույգ իմանան քվեարկողների թիվը։

Քոնդոլիզա Ռայսը նշել է. "Իրաքի ժողովուրդն անկասկած մեծ մասնակցություն ցուցաբերեց ընտրություններին։ Նրանք այդպես վարվեցին, քանի որ ըմբռնում են, թե քվեարկությունն այլ տեսակի ապագա կերտելու հնարավորություն է"։

Քվեատուների թիվը հատկապես բարձր էր Իրաքի հյուսիսային քրդական հատվածում եւ հարավային շիա մահմեդականների մեծամասնությամբ շրջանում։ Հաղորդագրությունները վիճահարույց էին գլխավորապես սունի մահմեդականներով բնակեցված Իրաքի հյուսիսային եւ Բաղդադից դեպի արեւմուտք գտնվող շրջաններում, ուր որոշ քվեատեղիներ հիմնականում դատարկ էին։

Չնայած իրաքցի եւ դաշնադրային զինուժերի մեծաթիվ ներկայությանը, ապստամբները հնարավորինն արեցին ընտրությունները տապալելու համար։ Բաղդադում տեղի ունեցան առնվազն իննը անձնասպան ռմբահարումներ, մինչդեռ երկրի տարածքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետեւանքով զոհվեցին 3 տասնյակից ավելի անձինք։ Ինտերնետային ուղերձներից մեկում որոնման մեջ գտնվող ահաբեկիչ Աբու Մուսաբ ալ-Զարքավիի կողմից ղեկավարվող խումբը ստանձնեց որոշ հարձակումների պատասխանատվությունը։

Կիրակի օրվա ընտրություններն Իրաքի մեկտարյա քաղաքական գործընթացի առաջին քայլն էր։ 275 անդամից բաղկացած ընտրված ժամանակավոր ազգային խորհուրդը կկազմի երկրի նոր սահմանադրության նախագիծը եւ կընտրի երկրի հաջորդ նախագահին։ Քվեատուներն ընտրեցին նաեւ տեղական 18 ժամանակավոր խորհուրդներ։

XS
SM
MD
LG