Մատչելի հղումներ

Անցած դարի սկզբներին Թուրքիայում կոտորված հայերի ժառանգները ստանում են փոխհատուցում։  - 2005-01-28


Ցեղասպանության ժամանակ թուրքերի կողմից կոտորված հայերի ժառանգները ստանում են ժամանակին զոհերի կողմից գրված ապահովագրության առաջին գումարները։

Թուրքերի կողմից 90 տարի առաջ կոտորված հայերի ժառանգների եւ մի ապահովագրական ընկերության միջեւ կայացված համաձայնությամբ, Նյու Յորքի շրջանի հայկական բարեգործական հինգ կազմակերպություններից յուրաքանչյուրը ստացավ 333 հազար 333 դոլար գումարի չեկ։

Հայցվորների փաստաբանը՝ Բրայան Քաբաթեքն ասել է, թե չեկերը քսան միլիոն դոլար ընդհանուր գումարի մաս են կազմում, որի վճարման շուրջ համաձայնություն է կայացվել 'Նյու Յորք Լայֆ Ինշուըրընս' ընկերության հետ, որը նախքան Եղեռնը 2300 կյանքի ապահովագրություն է վաճառել հայերին, սակայն երբեք չի վճարել դրա դիմաց։ Նա ասաց.

'Հույս ունենք, որ այս առաջին գործը կարող է ուշադրությունը հրավիրել Ցեղասպանության խնդրի վրա ոչ միայն մարդկանց սպանվելու՝ այլեւ իրենց անձնական ունեցվածքը կորցնելու փաստի վրա, որ մարդիկ կսկսեն երկխոսություն եւ կխոսեն Ցեղասպանության, տեղի ունեցածի եւ ընտանիքների ոչնչանալու մասին։ Այս գործը չափազանց օգտակար էր, որովհետեւ ամերիկահայերը տեղի ունեցածի համար ոչինչ չէին կարող անել, սակայն սա միջազգային հանրության ուշադրությունը խնդրի վրա հրավիրելու ուղղությամբ արված քայլ է, ցույց տալու՝ որ սրա նման գործը կարեւորություն ունի, այն շահել է քսան միլիոն դոլար, որն անմիջականորեն վերաբերում է Ցեղասպանությանը։ Մենք մարդկանց շարունակ հորդորում ենք հայտնել տեղեկություններ, որոնք մեզ կարող են օգնել այսպիսի այլ գործեր կազմելու համար'։

Անցած չորեքշաբթի օրը տեղի ունեցած արարողության ժամանակ Հայ Ընդհանուր Բարեգործական Միության գրասենյակում պարոն Քաբաթեքին միացան հայ կրոնական ինչպես եւ սոցիալական հարցերով զբաղվող կազմակերպությունների անդամներ։

Հայերը պնդում են, որ 1915-ից մինչեւ 1919 թվականը թուրքական իշխանությունների կողմից սպանվել է մեկ միլիոն հինգ հարյուր հազար հայ, որոնց թուրքերը մեղադրել են Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական առաջացող բանակին օգնելու մեջ։

Թուրքիան ժխտում է Ցեղասպանության մեղադրանքը եւ պնդում է, որ հայերը սպանվել են Օսմանյան կայսրության փլուզվելու ժամանակ քաղաքացիական խռովությունների հետեւանքով։

Ֆրանսիան եւ Ռուսաստանն այն երկրների թվում են, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը, սակայն ԱՄՆ-ը մինչեւ այժմ չի ճանաչել։

Ապահովագրական ընկերության հետ ձեռք բերված պայմանագրով, քսան միլիոն գումարից տասնմեկ միլիոնը հատկացվելու է զոհերի ժառանգներին, երեք միլիոնը՝ բարեգործական կազմակերպություններին, իսկ երկու միլիոնը՝ վարչական ծախսերի։

Մնացած երեք միլիոնը կստանան Լոս Անջելեսի բարեգործական չորս կազմակերպություններ։

XS
SM
MD
LG