Մատչելի հղումներ

Երկրաշարժերն արդյո՞ք կանխատեսելի են - 2005-01-13


Երկրաբաններն այն կարծիքին են, որ Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափամերձ շրջանում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը հզոր երկրաշարժերի ենթակա գոտում է։

Երկրագնդի մակերեւույթը պատված է 7-ից 9-ը հիմնական տեկտոնիկ շերտերով եւ մի շարք երկրորդական շերտերով։ Տեկտոնիկ շերտերը մայրցամաքների եւ օվկիանոսների տակ գտնվող կիսակարծր ապաժառի խոշոր սալաքարեր են, որոնց երկարությունը կարող է հասնել մի քանի հարյուրից մինչեւ մի քանի հազար կիլոմետրի, իսկ հաստությունը՝ 15-ից 200 կիլոմետրի։

Հարավային Ասիայի ավերիչ ցունամիի ալիքն առաջացրած երկրաշարժը ծագել է տեկտոնիկ շերտերի "տեղաշարժման գոտու" երկարությամբ, երբ Հնդկական տեկտոնիկ շերտն անցել է Բիրմայի տեկտոնիկ շերտի տակ։ Տեկտոնիկ շերտերի բախման դեպքում առաջանում են հզոր երկրաշարժեր։

Երկրաբան Փոլ Սիլվըրը Վաշինգտոնի Կառնեգիի հաստատության աշխատակիցներից է։ Նա ասել է. "Երբ տեկտոնիկ երկու շերտեր շարժվում են միմյանց ուղղությամբ, դա երկար տարիներ տեւող գործընթաց է։ Սակայն ի վերջո այդ շերտերը բախվում են, որի հետեւանքով տեղի են ունենում հզոր երկրաշարժեր։"

Ինդոնեզիայի երկրաշարժը Ռիխտերի սանդղակով ուներ 9 բալի ուժգնություն։ Դոկտոր Սիլվըրը հայտնել է, որ նման ուժգնության վերջին երկրաշարժը տեղի է ունեցել 40 տարի առաջ։

Ի տարբերություն բնական այլ աղետների, երկրաշարժից առաջ բացակայում են նախազգուշական նշանները։ Դոկտոր Սիլվըրը երկրաբանների խմբի հետ ԱՄՆ-ի արեւմտյան ափում ուսումնասիրում է, թե արդյո՞ք կարելի է կանխատեսել երկրաշարժերը։

Դոկտոր Սիլվըրը նշել է. "Մեր կարծիքով երկրաշարժից առաջ տեղի է ունենում դանդաղ շարժում, որը կարող է նախազգուշացնել մոտալուտ երկրաշարժի մասին։"

Երկրաբանները տեղյակ են, թե երկրագնդի որ մասերն են հակված երկրաշարժերի եւ նման վայրերում ապրելու դեպքում հնարավոր է ձեռնարկել գործողություններ, որոնք կպաշտպանեն մարդկանց եւ նրանց ունեցվածքը։

Դոկտոր Սիլվըրը հայտնել է. "Կալիֆոռնիայում եւ Ճապոնիայում օգտագործվում են չափազանց թանկարժեք միջոցներ կառույցների հիմքերն ամրացնելու համար։ Աշխարհի այլ երկրները պարզապես բավարար միջոցներ չունեն նույն կերպ վարվելու համար։"

Կառույցների հիմքերն ամրացնելու համար օգտագործվում են շինարարական դյուրաթեք նյութեր։ Սակայն Հարավային Ասիայի հզոր երկրաշարժի նման երկրաշարժերի դեպքում գրեթե անհնար է որեւէ բան անել։

XS
SM
MD
LG