Մատչելի հղումներ

Շարունակվում է դրամի հանգանակությունը ցունամիից տուժածներին օգնելու նպատակով - 2005-01-11


Ավերիչ ցունամիից տուժածներին օգնելու ամերիկացիների բուռն ցանկությունը հանգեցրել է դրամի հանգանակության նոր եւ ստեղծարար ուղիների որոնմանը։ Թենեսիի նահանգում դատավորներից մեկն օրինազանց վարորդներին ներում է շնորհում, եթե վերջիններս 100 դոլար նվիրաբերեն ցունամիից տուժածների օգնությանը։ Մինչեւ այժմ հաջողվել է հավաքել 40 հազար դոլար։

Ֆլորիդայի նահանգի ռեստորաններից մեկը հունվար ամսի երկուշաբթի օրերի եկամուտը կհատկացնի ցունամիից տուժածներին։ Ռեստորանի տերը, տաիլանդցի Թափանի Դամրոնգվաթանասուկի մի քանի հարազատներ զոհվել են ցունամիի հետեւանքով։ Նա ասել է. "Պետք է վերադառնամ եւ մասնակցեմ վերականգնման աշխատանքներին։ Դժվար է պատկերացնելը նրանց տառապանքի աստիճանը։"

Կաթոլիկ օգնության ծառայությունը, որն ԱՄՆ-ի կաթոլիների համայնքի միջազգային օգնության պաշտոնական գործակալությունն է, 25 միլիոն դոլարի օգնություն է խոստացել ցունամիից տուժածներին։ Գործակալությանն ինտերնետի միջոցով կատարվող նվիրատվությունները հասնում էին ժամում 100 հազար դոլարի։

Գործակալության համադրող Չանդրիյի Բաներջին ասում է, թե այլ գործակալությունների նման իրենց համար եւս դժվար էր Ինդոնեզիայի հեռավոր կղզիներին օգնություն հասցնելը։ Սակայն իր գործակալությունը հանձնառու է ցունամիից տուժած բոլոր երկրներում կենցաղային իրերի փաթեթներ բաշխել։

Ամերիկյան Կարմիր խաչը շարունակում է մնալ ցունամիի օգնության նվիրատվությունների գլխավոր ստացողը։ Գլխավորապես անհատական նվիրատվություններից գոյացած գումարը կազմում է մոտավորապես 100 միլիոն դոլար։ Տեխասից իննամյա մի տղա 3 հազար դոլար է հավաքել՝ բաժակը 50 ցենտով լիմոնադ վաճառելով։

ԱՄՆ-ը ցունամիից տուժած երկրներին օգնում է նաեւ պարենով, ջրով եւ դեղամիջոցներով։ Չնայած ԱՄՆ-ում հաստատված օգնության որոշ գործակալություններ ասում են, թե այժմ բավարար գումար ունեն անմիջապես օգնելու ցունամիից տուժածներին, սակայն անհանգստանում են, որ աննախադեպ չափերի հասնող օգնությունը թերեւս դանդաղի վերականգնման եւ վերակառուցման երկարատեւ ժամանակահատվածում։

XS
SM
MD
LG