Մատչելի հղումներ

ՍԵՔՍ ԵՒ ՇՈՒԿԱՅԱՀԱՆՈՒՄ - 2004-02-07


Երբ լսում ենք Բրիթընի Սփիըրզի անունը, թերեւս երաժշտությունն առաջին բանը չէ, որ ճառագում է մեր մտքում։ Ամերիկյան փոփ երաժշտության ժանրի երգչուհու կրքահարույց, հանդուգն, ոմանց կարծիքով նույնիսկ անբարոյական կերպարը գերազանցում է որպես երգչուհի նրա համբավին եւ անչափ ավելացնում է ինչպես նրա երկրպագուների, այնպես էլ նրան արհամարհողների թիվը։ Ամերիկայում, ուր ամեն ինչը գովազդվում է, հստակ է դառնում, որ սեքսը նույնպես վաճառքի է։ Սակայն վիճահարույց արտաքին ունեցող այնպիսի երգչուհիների, ինչպիսիք Բրիթընի Սփիըրզը եւ Քրիստինա Ագուիլերան են, ձայնագրությունների վաճառքում նկատվող անկումը հավանաբար նշան է, որ դա միշտ ճշմարիտ չէ։ Ներկայումս մեղեդային, քնարական մեղմ ոճի երգչուհիներ Դայդոի եւ Նորա Ջոնսի ձայնագրությունների վաճառքում նկատվում է աճ։

Այս ամենի պատճառը թերեւս շարքային ամերիկյան ունկնդրի հոգեբանական մոտեցման մեջ է եւ ո՛չ թե երգերի մեղեդայնության։

Թերրի Փեթիջոնը Փենսիլվանիայի նահանգի Էրի քաղաքում գտնվող Մերսիհըրսթի քոլեջի հոգեբանության պրոֆեսոր է։ Մարդկանց դեմքի առանձնահատկությունները գնահատող մեթոդի օգնությամբ, պրոֆեսոր Փեթիջոնը վերջերս ուսումնասիրել է 1932 թվականից մինչեւ 1995 թվականը Միացյալ Նահանգներում հանրահայտություն վայելող դերասանուհիների դեմքերը։ Ուսումնասիրության արդյունքում ստացած իր տվյալները նա այնուհետեւ համեմատել է այդ տարիների սոցիալ-տնտեսական տվյալների հետ եւ չափազանց հետաքրքիր եզրահանգումների է եկել։ Նա նշել է. ՚Երբ ժամանակները դժվարին էին, ավելի հանրահայտություն էին վայելում դեմքի ավելի հասուն արտահայտություն ունեցող ամերիկյան դերասանուհիները, սակայն ճիշտ է նաեւ հակառակը, այսինքն, երբ ժամանակները լավ են, մեզ դուրեկան են ավելի զվարճալի, ավելի ազատ պահելաձեւ ունեցող անձինք՚։

Սա զարմանալի չէ շուկայի հետազոտությամբ զբաղվող Բոստոնում հաստատված ընկերություններից մեկի ղեկավար Շարոն Լիվինգսթոնի համար։ Նա հայտնել է, թե 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից ի վեր ամերիկացիները կենտրոնանում են կնոջ ավելի նուրբ, ավելի ավանդական պատկերների, քան ակնթարթորեն դուրեկան ընդհանուր տեսքի վրա։

Պրոֆեսոր Թերրի Փեթիջոնի եւ իր գործընկերների կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ արական սեռի ներկայացուցիչ դերասանների համար գոյություն չունի լավ եւ դժվարին ժամանակների համար բնութագրական տարբերակումներ։ Շարոն Լիվինգսթոնն ավելացրել է, թե սրա պատճառն այն է, որ իրենց հասարակությունների բարոյական կայունությունը գնահատելիս մարդկանց մեծ մասն ուշադրություն է դարձնում կանանց եւ ոչ՛ թե տղամարդկանց վրա։

XS
SM
MD
LG