Մատչելի հղումներ

Ամերիկացի կանանց կառավարած ընտանիքների եկամուտները զգալիորեն զիջում են տղամարդկանց կողմից կառավարվող ընտանիքների եկամուտին - 2004-01-29


ԿԱՆԱՆՑ ՎԱՍՏԱԿԱԾ ԵԿԱՄՈՒՏՆ ԱՄՆ-ում. Վերջերս հրապարակված զեկույցներից մեկի համաձայն, կանանց կողմից կառավարվող ամերիկյան ընտանիքների եկամուտը կազմում է տղամարդկանց կողմից կառավարվող ընտանիքների եկամտի մոտավորապես հիսուն տոկոսը։ Ամերիկյան սպառողների ֆեդերացիայի փորձագետները պարզել են, որ կանանց կողմից կառավարվող ընտանիքները դիմակայում են ֆինանսական ավելի լուրջ խնդիրներ, քան մյուս ընտանիքները։ 2001 թվականի տնտեսական տվյալները ցույց են տալիս, որ ամերիկացի մոտավորապես 17 միլիոն ընտանիքներ, կամ երկրի բոլոր ընտանիքների տասնվեց տոկոսը, կառավարվում են կանանց կողմից։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կանանց կողմից կառավարվող ընտանիքների եկամուտը կազմում է մոտավորապես 20 հազար դոլար, որը Միացյալ Նահանգների ընտանիքների միջին եկամուտի մոտավորապես հիսուն տոկոսն է։ Կացությունը նույնիսկ ավելի մռայլ է, երբ խոսքը վերաբերում է կուտակած ունեցվածքին։

Կանանց կողմից կառավարվող ընտանիքների միջին ունեցվածքը գումարով արտահայտած, 2001 թվականին կազմում էր մոտավորապես 28 հազար դոլար։ Ամերիկյան միջին ընտանիքի ունեցվածքը միջինը կազմում էր 86 հազար դոլար։ Սպառողական հարցերի գործիչներ հայտնել են, թե կանանց անհրաժեշտ է ավելի բարձր կրթություն եւ օգնություն, որպեսզի կարողանան հաղթահարել ֆինանսական տարբերությունը։ Քյանդիս Բահրը ոչ-շահութաբեր Կանանց ֆինանսական կրթության ինստիտուտի հիմնադիրն է։ Ինստիտուտը կազմակերպում է միայն կանանց համար ստեղծվող հատուկ խմբեր, որոնք հանդիպումներ են կազմակերպում ֆինանսական հարցերի ծրագրման համար։ Կանայք պատմում են իրենց ընտանեկան բյուջեների, դրամ խնայելու եղանակների մասին եւ միմյանց խրախուսում են ունենալ ֆինանսական նպատակներ։ Միացյալ Նահանգներում գործող այս խմբերում ընդգրկված են մոտավորապես 3000 կանայք, եւ այդպիսի խմբեր են ստեղծվել աշխարհի մոտավորապես 17 այլ երկրներում։ Այս մասին Քյանդիս Բահրն ասել է հետեւյալը.

՚՚Անշուշտ կանայք հաճախ ուրիշ խնդիրներ ունեն այլ երկրներում, սակայն միասին հավաքվելու, զրուցելու եւ միմյանց օգնելու կանանց գաղափարը նույնն է, անկախ նրանց գտնվելու վայրից՚՚, ասել է տիկին Քյանդիսը։

Ուսումնասիրողները հայտնել են, որ Միացյալ Նահանգներում հարաճունորեն ավելանում է կանանց կղմից կառավարվող ընտանիքների թիվը։ Սակայն Քյանդիս Բահրը հայտնել է, թե մինչեւ տղամարդկանց եւ կանանց միջեւ եկամտի տարբերությունը վերանալը, կարեւոր է կանանց խրախուսելը, որպեսզի ավելի շատ գիտելիքներ ձեռք բերեն ֆինանսական ծրագրման մասին։ Նա հայտնել է, որ ֆինանսական խմբերի օգնությամբ կանայք ավելի լավ կպայքարեն եկամուտի տարբերության դեմ։

XS
SM
MD
LG