Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ 27.01.2004 - 2004-01-27


ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔԸ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ ՀԱՏԿԱԳՈՒՄԱՐԸ

Մերձավոր Արեւելքը, ասում է նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, մի վայր է, ուր ՚հազվադեպ է ազատությունը՚։ Պարոն Բուշն ասում է, թե որոշ մարդիկ նույնիսկ ՚կասկածում են, որ ժողովրդավարությունը մեծագույն Մերձավոր Արեւելքի համար իրատեսական նպատակ է՚ Նախագահը նշում է. ՚Այդուհանդերձ, սխալմունք եւ նվաստացում է հետեւություն անելը, թե բոլոր մշակույթներն ու կրոններն անհամատեղելի են ազատության եւ ինքնակառավարման հետ։ Ես այն համոզման եմ, որ Աստված յուրաքանչյուր մարդկային սրտում դրել է ազատության մեջ ապրելու փափագ։ Եւ նույնիսկ այն պարագային, երբ այդ փափագը տասնամյակներ շարունակ ճզմվել է բռնության կողմից, այն վերստին կհառնի՚։

Ավելին, ասում է նախագահ Բուշը, ազատ Մերձավոր Արեւելքը կենսական անհրաժեշտություն է խաղաղության եւ անվտանգության համար. ՚Այնքան ժամանակ, քանի դեռ Մերձավոր Արեւելքը շարունակում է մնալ բռնատիրության, հուսահատության եւ զայրույթի վայր, այն կշարունակի ստեղծել այնպիսի արանց ու շարժումներ, որոնք կսպառնան Ամերիկայի եւ մեր բարեկամների ապահովությանը։ Ուստի Ամերիկան հետամուտ է լինում մեծագույն Մերձավոր Արեւելքում ազատություն ստեղծելու ռազմավարությանը։ Մենք մարտահրավեր կնետենք ազատության թշնամիներին, կառճակատենք ահաբեկչության դաշնակիցների դեմ եւ մեր բարեկամներից կակնկալենք ավելի բարձր չափանիշներ՚։

Որպես այս ռազմավարության մի մաս, նախագահ Բուշը ծրագրում է Միացյալ Նահանգների Կոնգրեսից խնդրել, որպեսզի կրկնապատկի Ժողովրդավարության ազգային նվիրաբերում հատկագումարը, այն հասցնելով ութսուն միլիոնի։ Այս հավելումը, ասում է պարոն Բուշը, կազմակերպությանը կօգնի Մերձավոր Արեւելքում իրագործելու ՚նոր աշխատանքներ, ազատ ընտրությունների, ազատ շուկաների, ազատ մամուլի եւ ազատ արհմիությունների զարգացմանն ի նպաստ՚։

Ժողովրդավարական գործընթաց սկսած երկրներից մեկը նոր ազատագրված Իրաքն է։ Հունվարի քսանմեկին մեծամասամբ շիա մահմեդականներով բնակելի Հիլահ քաղաքում հազարից ավելի մարդիկ ցույց կատարեցին հանուն ժողովրդավարության։ Կին մասնակիցներից, մանկաբույժ Մահա Համիդ ալ-Սաղբանն ասել է. ՚Ժողովրդավարություն տանող ճանապարհը երկար եւ դժվարին է, իսկ մենք երկար ճանապարհ ունենք անցնելիք՚։

Միացյալ Նահանգները եւ նրա դաշնադրային գործակիցներն աջակցում են հանուն անկախության, բարգավաճման, խաղաղության եւ ժողովրդավարական երկիր կերտելու իրաքյան ժողովրդի նկրտումներին։ Միացյալ Նահանգները, ասում է նախագահ Բուշը, ՚տիրապետելու ցանկություն չունի, կայսերապետություն ստեղծելու նկրտումներ չունի։ Մեր նպատակը ժողովրդավարական խաղաղությունն է, մի խաղաղություն, որը հիմնված է յուրաքանչյուր կնոջ ու տղամարդու արժանապատվության եւ իրավունքների վրա՚։

XS
SM
MD
LG