Մատչելի հղումներ

Ձեռքերը լվանալու կարեւորությունը - 2004-01-12


Բժշկական բնագավառի փորձագետները հայտնել են, թե հիվանդության տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոցը ձեռքերն օճառով եւ ջրով լվանալն է։ Համաշխարհային Բանկը, ՄԱԿ-ը եւ հիգիենայի ու արեւադարձային բժշկության Լոնդոնի համալսարանը մի ուսումնասիրություն են անցկացրել, որպեսզի հորդորեն ձեռքերը լվանալու կարեւորությունը։ Նրանք հայտնել են, թե ձեռքերն օճառով եւ ջրով լվանալու կարեւորությունն ահազանգող ծրագրերը վարակիչ հիվանդությունների տարածումը նվազեցնելու ամենաարդյունավետ ուղին են։ Նրանք ավելացրել են, որ յուրաքանչյուր տարի կարելի է մեկ միլիոն կյանք փրկել, եթե մարդիկ իրենց ձեռքերն օճառով ավելի հաճախակի լվանան։ Բժիշկները հայտնել են, թե բազմաթիվ հիվանդությունների տարածումը կարելի է կանխել ձեռքերն օճառով լվանալու միջոցով։ Այդ հիվանդությունների թվում են սրատուտը, գրիպը, հարբուխը, հեպատիտ Ա-ն, մենինգիտը եւ վարակիչ լուծը։ Ձեռքերը լվանալն օգնում է վերացնելու այլ մարդկանց, կենդանիների կամ ձեռք տրված առարկաների վրա եղած մանրէները։ Երբ մարդկանց ձեռքերի վրա մանրէներ կան, ապա նրանք կարող են իրենց վնասել աչքերին, քթին կամ բերանին ձեռք տալիս։ Իսկ հետո այս մարդիկ կարող են վարակել այլ մարդկանց։ Փորձագետները հայտնել են, թե գրիպով վարակվելու ամենադյուրին եղանակը քթին կամ աչքերին ձեռք տալն է, երբ Ձեր անմիջական շրջակայքում որեւէ մեկը փռշտացել կամ հազացել է։ Հիվանդանալ կարելի է նաեւ այն դեպքում, երբ ուտեք ոչ մաքուր ձեռքեր ունեցող անձի կողմից պատրաստված կերակուր։ Փորձագետները հայտնել են, թե չափազանց կարեւոր է ձեռքերը լվանալ նախքան կերակուր պատրաստելը եւ դրանից հետո, ինչպես նաեւ նախքան ուտելը եւ զուգարանից օգտվելուց հետո։ Մարդիկ ձեռքերը պետք է լվանան կենդանիներին կամ նրանց արտաթորանքին ձեռք տալուց, ինչպես նաեւ երեխաներին մաքրելուց հետո։ Փորձագետները նշել են, թե նաեւ չափազանց կարեւոր է ձեռքերը լվանալ դրամին ձեռք տալուց, փռշտալուց կամ հազալուց հետո, ինչպես նաեւ այն դեպքում, եթե տանը հիվանդ կա։ Փորձագետները հայտնել են, թե ձեռքերը լվանալու ամենաարդյունավետ եղանակը նախապես օճառելուց հետո դրանք միմյանց հետ լավ շփելն է տաք ջրի տակ։ Նրանք ավելացրել են, թե էական չէ հատուկ հակա-մանրէային օճառ օգտագործելը։ Կարեւոր է ձեռքերի բոլոր մասերը տասից տասնհինգ վայրկյան շփելը։ Օճառած ձեռքերը միմյանց հետ լավ շփելը վերացնում է մանրէները։ Դրանից հետո անհրաժեշտ է ձեռքերը ջրի տակ պահել եւ ապա չորացնել։ Փորձագետները հայտնել են, թե հասարակական զուգարաններից օգտվող անձինք պետք է ձեռքերը չորացնեն թղթե սրբիչով եւ այդ սրբիչն օգտագործեն ջրի ծորակը փակելու համար։ Նրանք նաեւ խորհուրդ են տալիս թղթե սրբիչը նետել զուգարանի դուռը դրանով բացելուց հետո միայն։

XS
SM
MD
LG