Մատչելի հղումներ

Ռուսաստանի ամենահարուստ մարդու ձերբակալությունը բացասաբար է ազդել այդ երկրի արժեթղթերի շուկայի գների վրա - 2003-10-27


Եկամտահարկեր վճարելուց խուսափելու եւ խարդախությունների մեջ մեղադրվելու պատճառով անցած շաբաթ Ռուսաստանի նավթարդյունահանման խոշորագույն ընկերության՝ Յուկոսի ղեկավարի կալանվելուց հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր կառավարությանը հորդորել է չներքաշվել այդ ընկերության շուրջ քննարկումների մեջ։ Միխայիլ Խոդորկովսկու ձերբակալության մասին լուրից հետո Ռուսաստանի արժեթղթերի շուկան այսօր վնասներ է կրել։ 1998 թվականին Ռուսաստանի ֆինանսական փլուզումից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի արժեթղթերի շուկայում առեւտուրն առկախվեց, երբ երկրի նավթարդյունահանման խոշորագույն ընկերության բաժնեթղթերը կորցրեցին իրենց արժեքի քսան տոկոսը։ Ռուսաստանի արժեթղթերի շուկայի օրենքների համաձայն, ֆինանսական բոլոր գործառնությունները պետք է մեկ ժամ դադարեն, եթե ցանկում ընդգրկված որեւէ ընկերության արժեթղթերի արժեքը նվազում է տասնհինգ տոկոսից ավելի։ Արժեթղթերի շուկան իր աշխատանը դադարացրել է այսօր վաղ առավոտյան, սակայն կեսօրին վերստին սկսվել է շուկայի կանոնավոր աշխատանը։ Վերլուծաբանները հայտնել են, թե ֆինանսական շուկայում արժեթղթերի գինը նվազել է Յուկոսի 40 ամյա ղեկավար պարոն Խոդորկովսկու ձերբակալության լուրից հետո, որի վրա, լուրերի համաձայն, Կրեմլը զայրացել է առաջիկա դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնակիցներին մարտահրավեր նետող ընդդիմադիր կուսակցություններին ֆինանսական աջակցություն ցույց տալու համար։ Նախագահ Վլադիմիր Պուտինը Յուկոսի հետաքննության մասին հրապարակային իր առաջին մեկնաբանության ժամանակ այսօր հայտնել է, թե խնդիրը չի քննարկի գործարարության բնագավառի ղեկավարների հետ, եւ կոչ է արել վերջ տալ, իր բնութագրմամբ, Յուկոսի շուրջ ենթադրություններին եւ հիստերիային։

XS
SM
MD
LG