Սառը պատերազմի օրերը ավարտվել են։ Խորհրդային Կոմունիզմը, արդեն երկար ժամանակ է ինչ չի սպառնում համաշխարհային խաղաղությանը։ Վերջին տարիներին Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը առաջընթաց են կատարել նոր հարաբերությունների կերտման ուղղությամբ։ Հարաբերություններ, որոնք նախագահ Բուշի բնութագրմամբ, թե՛ ընդարձակ են եւ թե ամուր։
՝՝Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները դաշնակիցներ են ահաբեկչության դեմ տարվող պատերազմում։ Մեր երկրները, երկուսն էլ, տառապել են ահաբեկիչների ձեռքում եւ մեր կառավարությունները երկուսն էլ քայլերի են դիմում ահաբեկիչներին կասեցնելու համար։ Ո՛չ մի դատ չի արդարացնում ահաբեկչությունը։ Ահաբեկիչներին պետք է դիմադրել, ուր էլ որ նրանք անիշխանություն ու ավերածություն տարածեն, ներառյալ Չեչնյայում։ Տեւական մի լուծում այդ հակամարտությանը կպահանջի ահաբեկչությունների դադարեցում, հարգանք՝ մարդու իրավունքների նկատմամբ եւ քաղաքական հարցերի կարգավորում, որը կառաջնորդի դեպի ազատ եւ արդար ընտրություններ՝՝,- ասել է նախագահ Բուշը։
Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգներ կատարած իր այցելության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեց նախագահ Բուշի հետ։ Նրանք քննարկեցին ահաբեկչության դեմ պայքարի հարցը։
՛՛Նախագահ Պուտինն ու ես խոսեցինք մեր համագործակցությունն Իրաքում եւ Աֆղանստանում ընդարձակելու մասին։ Նախագահ Պուտինն ու ես համաձայն ենք, որ Ամերիկան, Ռուսաստանն ու ամբողջ աշխարհը կօգտվեն հիշյալ երկրներում կայունության եւ ազատության առաջխաղացումից, որովհետեւ ազատ եւ կայուն երկրները սպանության գաղափարախոսություններ չեն սնուցում եւ այլ երկրների ժողովուրդներին չե՛ն սպառնում ՝՝,-ասել է նախագահ Բուշը։
Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, ասել է նախագահ Բուշը, վճռորոշ են պայքարելու ահաբեկչության դեմ,պահպանելու խաղաղությունը անհանգիստ տարածաշրջաններում եւ կասեցնել զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը։
՛՛Մենք լրջորեն հորդորում ենք Հյուսիսային Կորեային, որ ամբողջովին, ստուգելիորեն եւ անդառնալիորեն վերջ դնի իր միջուկային ծրագրերին։ Մենք լրջորեն հորդորում ենք Իրանին, որ լիովին հարգի Միջուկային զենքերի չտարածման պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները։ Մենք ցանկանում ենք ծավալել մեր համագործակցությունը հրթիռային պաշտպանության բնագավառում, որովհետեւ հանցագործ վարչակարգեր, որոնք կարող են զինվել մահաբեր զենքերով, սպառնում են մեր զույգ երկրներին՝՝,- ասել է նախագահ Բուշը ։
Պրն Բուշը նաեւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ հետզհետեւ ծավալվում են տնտեսական հարաբերությունները։ ՛՛Հին կասկածամտությունները տեղի են տալիս նոր փոխադարձ հասկացողությանն ու հարգանքին՝՝,-ասել է նախագահ Բուշը։