Մատչելի հղումներ

ՆԱԽԱԳԱՀ ՋՈՐՋ ԲՈՒՇ - ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔ - 2003-08-20


Սպիտակ Տունը դատապարտել է Երուսաղեմի ավտոբուսներից մեկում կատարված ամենավերջին անձնասպան ռմբահարումը։

Սպիտակ Տան խոսնակ Շոն ՄըքՔորմաքը հայտնել է, թե Բուշի վարչակազմը սաստիկ դատապարտում է այդ հարձակումը։ Պարոն ՄըքՔորմաքն այն անվանել է հրեշավոր գործողություն։ Նա հայտնել է, թե ամերիկյան ժողովրդի մտքերն ու աղոթքները զոհերի եւ վիրավորների ընտանիքների հետ են։ Ռմբահարումը խախտեց վեց շաբաթ տեւած հարաբերական անդորրը։ Հունիսի վերջին ծայրահեղական մի քանի խմբեր հայտարարել էին միակողմ հրադադար։ Տեխասի նահանգում գտնվող իր ագարակի մոտ լրագրողների հետ երեկ ավելի վաղ անցկացված մի ճեպազրույցի ժամանակ, նախագահ Բուշին հարց է տրվել հրադադարի մասին։ Նա պատասխանել է, որ սոսկ հրադադարը խաղաղություն չի բերի տարածաշրջանին։ Նա ավելացրել է, թե շատ ավելի կարեւոր է անմեղ կյանքեր խլող ահաբեկչական խմբերի կազմաքանդելը։ Նա ասել է. ՝՝Իմ կարծիքով վերջնական լուծումը կարող է կատարվել չափազանց արագորեն եւ դա այն անձանց գտնելն է, ովքեր հավատացած են, թե սպանելը լավագույն մոտեցումն է Մերձավոր Արեւելքի բարդ խնդիրների շուրջ պայքարելու համար՝՝։

Նախագահ Բուշը շարունակելով իր խոսքը հայտնել է, թե Պաղեստինյան իշխանությունը կարող է աջակցություն ակնկալնել Միացյալ Նահանգներից, երբ փորձի իրագործել այս կարեւոր առաքելությունը։ Նա ասել է. ՝՝Կարծում եմ Պաղեստինյան իշխանությունը պետք է շարունակի համագործակցել Միացյալ Նահանգների եւ ահաբեկչական խմբերի կազմաքանդման մեջ շահագրգռված այլ երկրների հետ, ինչպես նաեւ Պաղեստինյան իշխանությունը պետք է աջակցություն խնդրի կազմաքանդելու եւ ոչնչացնելու համար անմեղ անձանց կյանքեր խլող ահաբեկչական խմբերը՝՝։

Իսլամական Ջիհադ անվամբ զինյալ խումբն ստանձնել է ավտոբուսում կատարված վերջին հարձակման պատասխանատվությունը։ Համաս խմբի անդամները եւս ստանձնել են պատասխանատվություն, սակայն կազմակերպության ղեկավարները հայտնել են, թե Համասը ներգրավված չի եղել։

XS
SM
MD
LG