Մատչելի հղումներ

ԻՐԱՔՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2003-07-24


Ամերիկացի զինվորականները տեղեկացնում են, որ այսօր վաղ առավոտյան հյուսիսային Իրաքում կատարված մի դարանակալ հարձակման հետեւանքով սպանվել են ամերիկացի երեք զինվորներ։

Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը տեղեկացնում է, որ հարյուրմեկերորդ դեսանտային դիվիզիայի զինվորական մի ավտոշարասյուն այսօր Մոսուլ քաղաքի մոտակայքում ենթարկվել է նռնականետերով եւ փոքր տրամաչափի զինատեսակներով կատարված հարձակման։

Դա Մոսուլում տեղակայված հարյուրմեկերորդ դեսանտային դիվիզիայի վրա վերջին մի քանի օրերի ընթացքում կատարած երկրորդ հարձակումն է։ Սույն դիվիզիայի երկու հարյուր զինվորների մասնակցությամբ երեքշաբթի օրը կատարվեց այն հարձակումը, որի հետեւանքով սպանվեցին Սադամ Հուսեյնի որդիները՝ Ուդայն ու Քուսեյը։

Երեկ ամերիկացի մի զինվոր սպանվել եւ յոթ ուրիշներ վիրավորվել են, երբ նրանց զինվորական ավտոմեքենան քաղաքի արվարձաններից մեկում դիպել է ականի։

Իրաքում գտնվող դաշնադրային զինյալ ուժերի հրամանատար, գեներալ Ռիկարդո Սանչեզը նախազգուշացրել է, որ Հուսեյն եղբայրների սպանությունը կարող է կարճ ժամանակով հրահրել փոխվրեժի գործողություններ։ Սակայն նա ավելացրել է, թե նրանց մահը նշանավորում է, իր բնութագրմամբ՝ շրջադարձային կետ ամերիկացի զինվորների դեմ մղվող պարտիզանական պատերազմում։

Մայիսի մեկից ի վեր ավելի քան քառասուն ամերիկացի զինվորներ են սպանվել թշնամական կրակից։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդն ասում է, թե որպես Սադամ Հուսեյնի որդիների մահվան ապացույց, Միացյալ Նահանգները շուտով կհրապարակի Ուդայի եւ Քուսեյի դիակների լուսանկարները։

Այդ լուսանկարները դիտած ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ օրաթերթի թղթակիցներն ասում են, թե դրանցում եղբայրները պատկերված են հատակին ընկած վիճակում, փակ աչքերով, խոր վերքերով եւ ակնհայտ արյան հետքերով։

Թերթը տեղեկացնում է, թե դիակները ճանաչելու խնդրում օգնած իրաքցի պաշտոնատարների թվում են նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզը եւ Սադամ Հուսեյնի նախկին անձնական քարտուղար Աբիդ Համիդ Մահմուդ ալ-Տիկրիթին։

XS
SM
MD
LG