Մատչելի հղումներ

ԻՐԱՔ - 2003-07-04


[AP, REUTERS] - Միացյալ Նահանգների զինվորականությունը տեղեկացնում է, որ ամերիկացի զինվորները սպանել են իրաքցի ինը զինյալների, որոնք Բաղդադի հյուսիսային մասում հարձակվել էին մի ավտոշարասյան վրա։ Զինվորականությունը տեղեկացնում է, որ Բալադ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ ամերիկացի ոչ մի զինվոր չի վիրավորվել։ Նույն շրջանում երեկ ուշ երեկոյան կատարված ականանետային հարձակման հետեւանքով վիրավորվել է առնվազն տասնյոթ ամերիկացի զինվոր։ Երեկ կատարված մեկ այլ առանձնակի հարձակման ժամանակ մի դիպուկահարի կրակոցից սպանվել է Բաղդադում գտնվող Իրաքի ազգային թանգարանը հսկող ամերիկացի մի զինվոր։ Այդպիսով մայիսի մեկից ի վեր Իրաքում սպանված ամերիկացի զինվորների թիվը հասավ քսանվեցի։ Ամերիկացի զինվորները շուրջկալներ են կատարում Բալադ քաղաքի շրջանում, փնտրելով պաշտոնանկ Սադամ Հուսեյնի հավատարիմներին եւ այլ զինյալների, որոնք, ըստ համոզումների, ամենօրյա հարձակումներ են գործում դաշնադրային զինյալ ուժերի դեմ։ Երեկ վաղ առավոտյան Իրաքում ամերիկացի բարձրաստիճան կառավարիչ Փոլ Բրեմերն իրաքյան հեռուստատեսությամբ հայտարարեց, որ քսանհինգ միլիոն դոլարի պարգեւ է սահմանված Սադամ Հուսեյնին կալանելու կամ նրա մահն ապացուցելու համար։ Հավելյալ տասնհինգական միլիոն դոլարի պարգեւներ են սահմանված Սադամի որդիների՝ Ուդայի եւ Ղուսայի գլուխների համար։ Ըստ համոզումների, Սադամ Հուսեյնի գտնված վայրի անորոշությունը խրախուսում է նրա վարչակարգի հավատարիմների ամենօրյա հարձակումները դաշնադրային զինյալ ուժերի դեմ։

ԻՐԱՔ-ՃԱՊՈՆԻԱ --- Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատն այսօր վավերացրել է մի օրինագիծ, որը կթույլատրի ճապոնացի զինվորներ տեղակայել Իրաքում, սույն երկրի վերակառուցման ջանքերին օգնելու նպատակով։

ԼԻԲԵՐԻԱ --- Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայում կրոնական ղեկավարների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նախագահ Չարըլզ Թեյլորը տեղեկացրել է, որ հրաժարական կտա, սակայն պատերազմից ավերակված աֆրիկյան սույն երկրում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայվելուց հետո միայն եւ զարմանք է հայտնում, թե մինչեւ ամերիկյան զինյալ ուժերի ժամանումը, Վաշինգտոնն ինչու՞ է ցանկանում, որ ինքը հրաժարական տա։

ՀՈՒԼԻՍԻ 4 --- Ամերիկացիներն այսօր՝ հուլիսի չորսին տոնում են Անկախության օրը։

ԻՍՐԱՅԵԼ-ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐ --- Պաղեստինյան անվտանգության բնագավառի պաշտոնատարները ձերբակալել են բազմաթիվ գրոհայինների, որոնք, ըստ նրանց, խախտել են իսրայելացիների դեմ հարձակումներ չգործելու վերաբերյալ կայացված համաձայնությունը։

XS
SM
MD
LG