Մատչելի հղումներ

ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2003-07-03


[AFP] - Իսրայելյան զինվորականությունը բացել է Գազայի գոտու գլխավոր ճանապարհներից մեկը, երեկ հրեական մի բնակատեղիի վրա ականանետային հարձակում կատարվելուց եւ երկու մարդ վիրավորվելուց ի վեր կարճ ժամանակով փակվելուց հետո։ Իսրայելյան զինվորականությունը տեղեկացնում է, որ ճանապարհը պաղեստինյան երթեւեկի համար այսօր փակվել է երեք ժամով։ Սույն ճանապարհը վերջին երկու տարում առաջին անգամ պաղեստինցիների համար բացվել է երկուշաբթի օրը, երբ իսրայելյան զինյալ ուժերը սույն շրջանի վերահսկողությունը հանձնեցին պաղեստինյան իշխանություններին։ Միաժամանակ, Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելացի զինվորների բացած հրազենային կրակի հետեւանքով սպանվել է պաղեստինցի մի գրոհային եւ մեկ ուրիշն այսօր վաղ առավոտյան ձերբակալվել է Ղալղիլիա քաղաքում։ Զինվորականությունը տեղեկացրել է, թե այդ արայք եղել են զինված եւ փորձել են ճողոպրել ձերբակալությունից։ Պաղեստինցիները նրանց համարել են պաղեստինյան ղեկավար Յասիր Արաֆաթի ՖԱԹԱՀ հատվածից զատված գրոհային մի խմբի՝ ալ-Աքսայի մարտիրոսների բրիգադներ կազմակերպության անդամներ։ Մինչ տեղի են ունեցել սույն միջադեպերը, պաղեստինյան ոստիկանությունը դիրքեր է գրավել Բեթղեհեմ քաղաքում, այն իրողությունից հետո, երբ Իսրայելը սույն քաղաքի անվտանգության վերահսկողությունը հանձնել է պաղեստինյան իշխանությանը, որը նախատեսված է ՚ուղեցույց՚ անվամբ հայտնի Մերձավոր Արեւելքի խաղաղության ծրագրով։ Որպես անվտանգությունը պաղեստինցիներին հանձնելու գործարքի մի մաս, իսրայելացի զինվորները դեռեւս պետք է վերահսկեն Բեթղեհեմ տանող գլխավոր ճանապարհի անցակետերից մեկը եւ կրոնական վայրերից մեկի՝ Ռաքելի դամբարանի շրջակայքը։ Նախագահ Բուշը երեկ հեռախոսային զրույց է ունեցել վարչապետ Արիել Շարոնի հետ եւ նրան դրվատել է Բեթղեհեմից, ինչպես նաեւ կիրակի օրը Գազայի գոտու որոշ մասերից իսրայելյան զինյալ ուժերի հեռացման առթիվ։

XS
SM
MD
LG