Մատչելի հղումներ

ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՀՐԱԴԱԴԱՐ - 2003-06-30


Իսրայելը կազմաքանդել է Գազայի գոտում հյուսիսից-հարավ ձգվող գլխավոր մայրուղու վրա գտնված ուղեկալները, որպես այդ տարածքներում անվտանգության վերահսկողությունը պաղեստինյան իշխանությանը հանձնելու համաձայնության մի մաս։ Վերջին երկու տարվա մեջ առաջին անգամ պաղեստինցիներն այսօր սկսել են ազատորեն երթեւեկել այդ մայրուղիով։ Հսկիչ կետերը վերացվել են մի քանի ժամ անց այն իրողությունից, երբ իսրայելյան զինյալ ուժերը հեռացել են Գազայի գոտու Բեյթ Հանուն քաղաքից եւ եռամսյա պայմանական հրադադար հաստատելու վերաբերյալ պաղեստինյան ռազմաշունչ խմբերի համաձայնությունից մեկ օր անց։ Պաղեստինյան մի պաշտոնատար ասում է, որ իսրայելյան զինյալ ուժերի հեռացումը Բեթղեհեմից կսկսվի չորեքշաբթի օրը։ Հրադադարին հակառակ, այսօր Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում սպանվել է արտասահմանցի մի աշխատող։ Յասիր Արաֆաթի ՖԱԹԱՀ շարժումից զատված Ալ-Աղսայի մարտիրոսների բրիգադներ անվամբ հատվածախումբը ստանձնել է այդ հարձակման պատասխանատվությունը եւ տեղեկացրել է, որ չի հարգելու հրադադարի համաձայնությունը։ ՀԱՄԱՍ եւ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՋԻՀԱԴ կազմակերպությունների ղեկավարները երեկ մի համատեղ հայտարարություն են հրապարակել, ուր ասված է, որ չեն հարձակվի իսրայելացիների դեմ, եթե հրեական պետությունը վերջ տա պաղեստինյան տարածքներ կատարվող ներխուժումներին ու դրանց շրջափակմանը եւ դադարեցնի գրոհայինների դեմ կատարվող հարձակումները։ Պարոն Արաֆաթի ՖԱԹԱՀ կազմակերպությունը նույնպես տեղեկացրել է, որ կհարգի գործարքը եւ դեռեւս շարունակում է անհստակ մնալ, արդյո՞ք նա սանձելու է Ալ-Աքսայի խմբին։ Ակնկալվում է, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնը եւ նրա պաղեստինյան պաշտոնակից Մահմուդ Աբասը կհանդիպեն վաղը, քննարկելու համար միջազգայնորեն նախագծված ՚ուղեցույց՚ կոչվող խաղաղության ծրագրի կենսագործման նպատակով կատարելիք իրենց հաջորդ քայլերը։ Հրադադարի պայմանների համաձայն, գրոհայինները նաեւ պահանջել են վերջ դնել տարածքների շրջափակմանը եւ ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին ու կալանյալներին։ Պաղեստինյան հայտարարության մեջ ասված է, թե համաձայնագրի որեւէ ոտնահարում կնշանակի հրադադարի ավարտ։

XS
SM
MD
LG