Մատչելի հղումներ

ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ - 2003-06-29


[AP,REUTERS,AFP] - Պաղեստինյան պաշտոնատարներն ասում են, թե հրադադարի համաձայնության վերաբերյալ գրոհային խմբերի հայտարարությունը հետաձգվել է մի քանի օրով։ Պաղեստինյան վարչակազմի անդամ Յասիր Աբեդ Ռաբոն ասում է, թե խմբերի միջեւ տարաձայնություններ են առկա հրադադարի տեքստային ձեւակերպման հարցում, որոնք եւ պատճառ են դարձել պաշտոնական հայտարարության հետաձգման, որն ակնկալվում էր կհրապարակվի այսօր։ Գրոհային խմբերը, այդ թվում ՀԱՄԱՍ-ն ու ԻՍԼԱՄԱԿԱՆ ՋԻՀԱԴ-ը նախնական համաձայնության են հանգել, որ կկասեցնեն Իսրայելի դեմ հարձակումները, առնվազն՝ ժամանակավորապես։ Սակայն այլ գրոհայիններ դեռեւս պետք է հաստատեն, որ իրենք սատարում են հրադադարին։ Ակնկալվում է, որ իսրայելացի զինվորները կհեռանան Գազայի գոտու որոշ մասերից եւ Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Բեթղեհեմ քաղաքից, դրա դիմաց ստանալով անվտանգության երաշխիքներ։ ՌՈՅԹԸՐԶ լրատվական գործակալության դեռեւս չհաստատված մի հաղորդագրություն վկայակոչում է Իսրայելի անվտանգության բնագավառի աղբյուրների, որոնք ասում են, թե զինվորները Գազայի գոտուց հեռանալու են վաղը։ Իսրայելի եւ պաղեստինյան անվտանգության պաշտոնատարները հանդիպում են կայացնում, մշակելու համար զինվորների հեռացման վերջնական մանրամասները։ Նախագահ Բուշի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիսա Ռայսն այսօր հանդիպել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնատարների, այդ թվում՝ վարչապետ Արիել Շարոնի հետ, միասին քննարկելով ՚ուղեցույց՚ կոչվող Մերձավոր Արեւելքի խաղաղության ծրագիրը։ Երեկ Քոնդոլիսա Ռայսը կատարվող զարգացումները քննարկել է պաղեստինյան վարչապետ Մահմուդ Աբասի հետ։ Ըստ հաղորդագրությունների, նա պաղեստինյան ղեկավարին հրավիրել է Վաշինգտոն, նախագահ Բուշի հետ հանդիպում ունենալու համար։

XS
SM
MD
LG