Մատչելի հղումներ

ԻՐԱՔ - 2003-06-15


[REUTERS, AFP, AP] - Միացյալ Նահանգների զինվորական պաշտոնատարներն ասում են, թե կենտրոնական Իրաքում գտնվող ամերիկացի զինվորներն այսօր բուռն ռազմերթեր են կատարել Ֆալլուջա քաղաքում, փնտրելով պաշտոնանկ ղեկավար Սադամ Հուսեյնի զինյալ հավատարիմներին։ Բաղդադից դեպի արեւմուտք, վաթսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող սույն քաղաքը ամերիկյան ուժերին զինյալ դիմադրություն ցույց տվող կենտրոններից մեկն է։ Այսօր վաղ առավոտյան կատարված ռազմական գործողությունը, որը սատարվել է օդույժի կողմից, սկսվել է զենքը վայր դնելու վերաբերյալ բոլոր իրաքցիներին տրված վերջնաժամկետից մի քանի ժամ անց։ Որեւէ լուրջ բախման մասին հաղորդագրություն չկա, մինչ ամերիկացի զինվորները անցակետեր են հիմնել եւ խուզարկումներ են կատարում տներում։ Լուսադեմին Ֆալլուջայում դարձյալ անդորր կացություն էր եւ զինվորները բաժանում էին պարեն եւ մարդասիրական այլ կարգի օգնություն։ Ամերիկացի զինվորականները սույն գործողությունը կոչել են ՚ԱՆԱՊԱՏԱՅԻՆ ԿԱՐԻՃ։ Պաշտոնատարները նշել են, որ գործողությունը կավարտվի հինգշաբթի օրը։ Զինվորականությունը տեղեկացնում է, որ անցյալ շաբաթ Բաղդադի հյուսիսում կատարված գործողությունների ժամանակ կալանվել են մոտավորապես չորս հարյուր կասկածյալ գրոհայիններ, իսկ դրանից հետո նրանցից երեք հարյուր յոթանասունն ազատ են արձակվել։ Հազարավոր զինվորներ են ներգրավված այդ ռազմերթերում, որը ապրիլ ամսին Իրաքում խոշոր մարտերն ավարտվելուց ի վեր համարվում է ամերիկյան մեծագույն ռազմական գործողությունը։ Միացյալ Նահանգների զինյալ ուժերի շտաբի պետերի միացյալ խորհրդի նախագահն ասում է, թե նվազագույնը հինգ խմբեր Իրաքում դիմադրում են դաշնադրային զինյալ ուժերին։ Գեներալ Ռիչարդ Մայերզը ամերիկյան հեռուստակայաններին մեկին երեկ տված հարցազրույցում ասաց, թե որոշ խմբերի հովանավորում է Իրանը։ Նա նշեց, որ այլ խմբեր հավաբանար եկել են Սիրիայից։ Սադամ Հուսեյնի ճակատագրի վերաբերյալ տրված հարցին գեներալ Մայերզն ասաց, թե ամերիկյան զինյալ ուժերի շրջանում մեծամասամբ այն կարծիքն է առկա, որ Իրաքի պաշտոնանկ ղեկավարը դեռեւս կենդանի է եւ պետք է գտնել նրան։ Ամերիկյան զինվորականության մի հայտարարության մեջ ասված է, որ Սադամ Հուսեյնի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Համիդ Ռաջա Շալահ ալ-Տիկրիթը գերեվարվել է։ Նա դաշնադիրների կողմից փրնտրվող իրաքյան նախկին վարչակարգի բարձրաստիճան պաշտոնյաների ցանկում տասնյոթերորդն է։

XS
SM
MD
LG