Մատչելի հղումներ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2003-06-14


[REUTERS, AFP, AP] - Պաղեստինյան պաշտոնատարներն ասում են, թե պատրաստ են ստանձնելու Իսրայելի կողմից վերահսկվող պաղեստինյան տարածքների անվտանգությունը։ Տեղեկատվության նախարար Նաբիլ Ամրն ասում է, թե պաղեստինյան ղեկավարությունը կապահովի իսրայելյան ուժերի կողմից լքված պաղեստինյան որեւէ շրջանի անվտանգությունը։ Պարոն Ամրը սույն հայտարարությունն արել է երեկ, Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Ռամալլահ քաղաքում, պաղեստինյան իշխանության նախագահ Յասիր Արաֆաթի կողմից հրավիրված անվտանգության հանդիպումն սկսվելուց հետո։ Ըստ հաղորդագրությունների, իսրայելացիներն ու պաղեստինցիները պատրաստ են այսօր վերսկսելու անվտանգության բանակցությունները, վերջին տասը օրերի բռնարարքներին հակառակ, որոնց զոհ գնաց ավելի քան վաթսուն մարդ։ Իսրայելյան ռադիոն երեկ տեղեկացրել է, որ պաշտպանության նախարար Շաուլ Մոֆազը պաղեստինյան անվտանգության ղեկավար Մոհամմեդ Դահլանին ասել է, թե Իսրայելը պատրաստ է դուրս գալու Գազայի գոտուց եւ անվտանգության վերահսկողությունը հանձնելու պաղեստինցիներին։ Սակայն պաշտպանության նախարարն ավելացրել է, որ պարոն Դահլանը նախ պետք է ռազմաշունչ ՀԱՄԱՍ խմբին հարկադրի, որ դադարեցնի Գազայի գոտուց կատարվող ահաբեկչական հարձակումները եւ հրթիռների արձակումը։ Ամերիկացի վետերան դիվանագետ Ջոն Վուլֆն այսօր մեկնում է Երուսաղեմ, իսրայելացիներին ու պաղեստինցիներին համոզելու, որ շարունակեն Միացյալ Նահանգների, Եւրոպական Միության, Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի կողմից հովանավորվող ՚ուղեցույց՚ անվամբ խաղաղության ծրագրի կենսագործումը։ Երեկ իսրայելյան զինյալ ուժերը հավելյալ հրթիռային հարձակումներ են գործել Գազայում գտնվող ՀԱՄԱՍ-ի նշանակետերի դեմ, սպանելով մի գրոհայինի եւ վիրավորելով քսանհինգ ուրիշ պաղեստինցիների, այդ թվում մի երեխայի։ Հորդանան գետի արեւմտյան ափին պաղեստինցի հարձակվողները Ջենին քաղաքում կրակ բացելով սպանել են մի իսրայելացու։ Հունիսի չորսին նախագահ Բուշի եւ իսրայելյան ու պաղեստինյան ղեկավարների միջեւ կայացած խաղաղության վեհաժողովից ի վեր սպանվել են երեսունվեց պաղեստինցիներ եւ քսանհինգ իսրայելացիներ։

XS
SM
MD
LG