Մատչելի հղումներ

ԻՐԱՔՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2003-06-13


ԻՐԱՔ --- [AP, AFP, REUTERS] - Միացյալ Նահանգների զինվորական պաշտոնատարներն ասում են, որ ամերիկացի զինվորներն այս շաբաթ տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ, որի նպատակը Սադամ Հուսեյնի տոկուն աջակիցներին արմատախիլ անելն է, նվազագույնը իննսունյոթ թշնամի մարտիկների են սպանել Իրաքում։ Պաշտոնատարները տեղեկացնում են, որ նրանցից յոթանասունը սպանվել է Բաղդադի հյուսիս-արեւմուտքում գտնվող, կենտրոնական հրամանակատարության բնութագրմամբ՝ ՚ահաբեկիչների վարժանքի ճամբարի՚ դեմ կատարված հարձակման ժամանակ։ Մարտերն սկսվել են երեկ վաղ առավոտյան։ Զինվորականությունը որեւէ մանրամասնություն չի տեղեկացրել վարժանքի ճամբարի մասին։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը տեղեկացնում է, որ ամերիկացի զինվորներն այսօր սպանել են քսանյոթ մարտիկների, Իրաքի մայրաքաղաքի հյուսիսում հարձակման ենթարկվելուց հետո։ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ ասված է, որ ամերիկացի զինվորները չորս գրոհայինների են սպանել, որոնք Բալադ քաղաքում իրենց դեմ հարձակվել են նռնականետներով։ Հայտարարության մեջ ասված է, որ Միացյալ Նահանգների զինյալ ուժերն այնուհետեւ զրահամեքենաներով եւ մարտական ուղղաթիռներով հետապնդել են խմբի մնացյալ անդամներին, սպանելով եւս քսաներեք մարտիկների։ Ամերիկյան կողմը բախումներում կորուստ չի ունեցել։ Ամերիկացի պաշտոնատարները ԲԱԱՍ կուսակցության հավատարիմներին ու Սադամ Հուսեյնին նվիրված աշխարհազորային խմբերին են մեղադրել ամերիկացի զինվորների դեմ կատարված հարձակումների մեջ։ Վերջին տասնվեց օրում սպանվել են առնվազն տասը ամերիկացի զինվորներ։ Միաժամանակ տեղեկացվում է, որ ամերիկացի եւ թուրք պաշտոնատարները հետաքննում են երեկ ուշ երեկոյան հյուսիսային Իրաքում կատարված նավթատար խողովակաշարի երկու պայթեցումների խնդիրը։ Որոշ ականատեսներ տեղեկացնում են, թե Թուրքիա հասնող խողովակաշարի պայթելու պատճառը ռումբերն են։ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլն ասում է, թե պայթյունները նենգադուլության արդյունք են։ Սակայն Իրաքում գտնվող ամերիկացի պաշտոնատարներն ասում են, թե, ըստ երեւույթին, պայթյունները պատահարի արդյունք են։ Երեկ Իրաքի նավթի շուկայահանման պետական կազմակերպությունն իր առաջին հետպատերազմյան պայմանագրերը կնքեց եւրոպական եւ ամերիկյան ընկերությունների հետ։ Իրաքյան վաճառված նավթի եկամուտը կօգտագործվի պատերազմից ավերակված երկրի վերակառուցման նպատակով։

XS
SM
MD
LG