Մատչելի հղումներ

ԻՍՐԱՅԵԼ-ՊԱՂԵՍՏԻՆ - 2003-06-10


ԻՍՐԱՅԵԼ–ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐ --- [AP, AFP, REUTERS] ՀԱՄԱՍ-ի մի բարձրաստիճան անձնավորության՝ սույն կազմակերպության խոսնակ Աբդել-Ազիզ Ռանտիսիի դեմ Իսրայելի կողմից կատարված մահափորձը պաղեստինյան վարչապետ Մահմուդ Աբասը բնութագրել է որպես ՚ահաբեկչական հարձակում՚, որը նպատակ ունի ձախողելու խաղաղության ջանքերը։ Հարձակման նշանակետ ՀԱՄԱՍ-ի հայտնի դեմքը հիվանդանոցում խոստացել է շարունակել հրեական պետության դեմ հարձակումները։ Պարոն Ռանտիսին վորավորվել է այսօր Գազայի գոտում իսրայելյան մի ուղղաթիռի արձակած հրթիռի հետեւանքով, որին զոհ են գնացել երեք պաղեստինցիներ եւ վիրավորվել են առնվազն քսան ուրիշներ։ Ականատեսները վկայում են, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարը մահից խուսափել է իր ավտոմեքենայից ցատկելով, մինչ հրթիռը կհասցներ հարվածել եւ ոչնչացնել նրա ավտոմեքենան։ Արաբական ԱԼ-ՋԱԶԻՐԱ հեռուստակայանին տված հարցազրույցում պարոն Ռանտիսին խոստացել, որ ՀԱՄԱՍ-ը վրեժ կլուծի սույն հարձակման համար։ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի ղեկավարներից մեկը համարվող Աբդել-Ազիզ Ռանտիսին պաղեստինյան վարչապետի բացահայտ ընդդիմադիրն է, քանի որ նա կոչ է անում դադարեցնել պաղեստինյան գրոհային խմբերի կողմից իսրայելացիների դեմ կատարվող հարձակումները։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է վերջին տասը տարիներին իսրայելյան նշանակետերի դեմ կատարված մի քանի տասնյակ հարձակումների եւ անձնասպան ռմբահարումների պատասխանատվությունը։ Իսրայելյան իշխանությունների կողմից սույն միջադեպի վերաբերյալ անմիջական մեկնաբանություն չի արվել։ Անցյալում Իսրայելը համանման հարձակումներ է գործել պաղեստինյան փնտրվող գրոհայինների դեմ։ Միաժամանակ, երեկվանից ի վեր Իսրայելը հրեական տասը չարտոնված բնակավայրեր է վերացրել Հորդանան գետի արեւմտյան ափին, որոնք բոլորն էլ եղել են չբնակեցված։ Միջազգայնորեն սատարված Մերձավոր Արեւելքի խաղաղության ՚ուղեցույց՚ կոչվող ծրագրով կոչ է արվում՝ վերջ դնել իսրայելա-պաղեստինյան բռնարարքներին եւ երկու կողմից պահանջում է կատարել համապատասխան քայլեր, որոնք կհանգեցնեն մինչեւ երկու հազար հինգ թվականը պաղեստինյան պետության հաստատմանը։

XS
SM
MD
LG